Առողջապահության նախարարը դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին. Առավոտ
“Առավոտը” գրում է, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ Բանն այն է, որ տիկին Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել “Առավոտի” դեկտեմբերի 19-ի “Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ” հրապարակմամբ եւ նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։
“ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանի ուսումնասիրությամբ՝ “Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում։ Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչև նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի և կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին։ Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր։ Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին, իսկ որոշներն էլ /հիմնականում մարզային բուժհաստատությունները/ ստանում են խղճուկ գումարներ”։
“Տիկին Սարգսյանի այս հոդվածը կարդալուց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, շատ է զարմացել. “Որովհետև նման երևույթ ուղղակի գոյություն չունի”… Պարոն նախարարի խոսքերով՝ «Միգուցե Լյուդմիլա Սարգսյանին այս թեմայով կոնսուլտացիաներ անողների ժամանակ այս խնդիրը մեխանիզմներ է ունեցել և դրված է եղել»,- գրում է թերթը եւ հավելում, որ նախարարը վստահեցրեց, որ անպայման դատի է տալու տիկին Սարգսյանին.
“Եթե նա հրապարակավ ասել է, ես էլ հրապարակավ դատի եմ տալու իրեն, որպեսզի պատգամավորը նաև պատասխանատու լինի իր խոսքի համար, ոչ թե ինչ մտքովն անցնի՝ ասի”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: