27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2013թ. աշխատանքները

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ամփոփեց անցնող տարում հիմնադրամի իրականացրած ծրագրերը։

Կարեն Ավագյանը նշեց, որ 2013թ. ընթացքում իրականացվել է մոտ 175 ծրագիր։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ուսանողական կառույցների հետ, անվճար տրամադրում է նաև իր ռեսուրսները (դահլիճներ, համակարգիչներ, համացանց և այլն)։ Մասնավորապես 2013թ. ավելի քան 50 կազմակերպություն ՀԵՀ-ի երիտասարդական կենտրոնի դահլիճներում անցկացրել է շուրջ 360 միջոցառում։

Կարեն Ավագյանը հատուկ ընդգծեց այն նոր մշակույթը, որ ձևավորել է հիմնադրամը կամավորական աշխատանքի ոլորտում։ «Դա ՀԵՀ-ի նախաձեռնությունն է, որը եկավ լրացնելու այն խնդիրը, որն ուսանողները մշտապես բարձրացնում են. խոսքը աշխատանքային փորձի ու պրակտիկայի մասին է: Կամավորներն իրենց մասնագիտական հմտությունները փորձում են ներդնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերում և ստանում հավաստագիր, կամավորական աշխատանքի գրքույկ, որն ամփոփում է երիտասարդի կամավորական աշխատանքի փորձը: Դա գալիս է լրացնելու այն բացը, որը կա այսօր երիտասարդներին աշխատանքի տեղավորման գործընթացում»,- նշեց Կարեն Ավագյանը: 

Հիմնադրամի համակարգողը նաև առանձնացրեց ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը, որ ամեն տարի հիմնադրամը կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է ՀՀ կառավարության միջոցով։ Ուսման վարձերի փոխհատուցում են ստանում սոցիալական որոշակի խնդիրներ, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Նշենք նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ 2013-ին իրականացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագիրը, որին հատկացվող գումարն այս տարի կրկնապատկվել է՝ 100 միլիոնից դառնալով 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ դասընթացներ, դպրոցներ, սեմինարներ, միջազգային գիտաժողովներ՝ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ։ Բազմաթիվ երիտասարդ մասնագետներ ծրագրի շնորհիվ մեկնել են միջազգային գիտաժողովների ու աշխատաժողովների։

Կարեն Ավագյանն առանձնացրեց նաև 2013թ.-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն ընտրվելու փաստը։ Երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ դրամաշնորհ է հատկացրել 17 ՀԿ-ի։

ՀԵՀ համակարգողն ընդգծեց նաև, որ անցնող տարվա ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսանողական կառույցների հետ՝ տարվա ընթացքում գոնե մեկ խոշոր ծրագիր իրականացնել Լեռնային Ղարաբաղում՝ այդպիսով նպաստելով Արցախում երիտասարդական դաշտի ակտիվացմանը։ 

Կարեն Ավագյանն անդրադարձավ նաև հիմնադրամի մարզային կենտրոնների աշխատանքին. «Բոլոր մարզերում ունենք մարզային երիտասարդական կենտրոններ, որոնք առանձնանում են իրենց ակտիվությամբ: Ուրախալի էր այն փաստը, որ մեր մարզային կենտրոնները մարզերում դարձել են երիտասարդությանը համախմբող կառույցներ»: 

Ամփոփելով խոսքը՝ Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը բաց է համագործակցության բոլոր երիտասարդական ու ուսանողական կառույցների համար։ «Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած կառուցողական ծրագրի աջակցել։ Օգտվելով առիթից՝ ես ևս մեկ անգամ կոչ կանեմ երիտասարդական, ուսանողական այն կառույցներին, որոնք տարվա ընթացքում տարբեր պատճառներով չեն ներկայացրել ծրագրեր, անպայման 2014-ին ներկայացնեն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարողանալու է կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք հետաքրքրում են երիտասարդությանը»,- ասաց Կարեն Ավագյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ