27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսը ծնվում է, որպեսզի ես ծնվեմ հունվարի 6-ի համար

Եսայի 62, 11-12

Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։ Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտռված քաղաք և ո՛չ թե Լքված»։

Տիտոս 3, 4-7

Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, – ո՛չ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ՝ Իր ողորմության համաձայն, – փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով և նորոգությամբ Սուրբ Հոգու, որ Աստված հեղեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, Նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով։

Ղուկաս 2, 15-20

Եվ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ Եվ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը։ Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվները ասացին իրենց։ Իսկ Մարիամը այս բոլոր ասվածները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես իրենց պատմվել էր։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

Նա, ով տիեզերքը լցրել է միլիարդավոր գալակտիկաներով, տիեզերքի Հեղինակը դառնում է փոքր և մի նոր պատմություն է սկսում Բեթղեհեմից։ Պետք է ինչ որ մի ճշմարիտ բան լինի այս ամենի մեջ։

Նա, ով լույսը բաժանեց խավարից և երկնակամարը երկրից, գամվում է մի խաչի վրա։ Կասկածից դուրս է, որ պետք է ինչ որ մի ճշմարիտ բան լինի այս ամենի մեջ։

Եթե Աստծո պատմության երկու գագաթնակետերը մսուրն ու խաչն են, մեր այս հավատքն ա՛յլ բացատրություն չունի, քան միայն Աստված Ինքը և Իր ճանապարհները, որոնք անհնարին են մարդու համար։

Բեթղեհեմում չկա ոչ մի խաբեություն, ոչ մի հնարք, ոչ մի կեղծիք։ Երաշխավորում են մսուրն ու խաչը։

Եվ Աստված այնտեղ է, ուր մարդկային միտքը գայթակղվում է, ուր մարդկային բնությունն ապստամբում է, ուր ես երբեք չէի ուզենա լինել։

Սիմոն Վեյլի հետ կարծում եմ, որ «քրիստոնյայի կյանքը միայն այն դեպքում է հասկանալի, երբ նրանում ինչ որ մի բան կա անհասկանալի»։ Մի գլխապտույտ, մի առավել, մի երազանք, Աստծով հղի մի կույս, մի մսուր, մի խաչ, հրեշտակների թռիչքներ։

Մեզնից ո՞վ լավ կտոնի Սուրբ Ծնունդը։ Ով այդ Մանկան առաջ գետին կդնի որևէ գոռոզամտություն, որևէ հեռավորություն, և կվերաբացահայտի սիրո կամքը։ Մեզնից ո՞վ լավ կտոնի Սուրբ Ծնունդը։ Ով չի արտահանում մահ, այլ՝ հաղորդություն, ով ընդունում է Աստծուն մարմնի մեջ։ Որովհետև Աստված գալիս է կյանքի մեջ, պատահում է իմ արարքների կոնկրետության մեջ, պետք է բնակվի իմ աչքերում։ Եվ հայացքն, այդ ժամանակ, գորովալի և ուշադիր է դառնում։ Պետք է բնակվի իմ բերանում, որպեսզի ես ընդունակ լինեմ օրհնելու կյանքը և արարածներին։ Պետք է բնակվի իմ ձեռքերում, որպեսզի բացվեն, տարածվեն՝ խաղաղություն պարգևելու, արցունքներ չորացնելու, մերկեր զգեստավորելու, անարդարություններ փշրելու։

Որովհետև արդ ժամանակն է իմ ծննդի. Քրիստոսը ծնվում է, որպեսզի ես ծնվեմ։ Քրիստոսի ծնունդը հրավիրում է ինձ ծնվելու. որ ես ծնվեմ տարբեր և նոր, որ ես ծնվեմ Աստծո Հոգուց, որ ես ծնվեմ այնքան փոքր և այնքան ազատ, որ անընդունակ լինեմ հարձակվելու, ատելու, սպառնալու։ Այնքան խոնարհ ու պարզ մտքով, որ կարող լինեմ սրտով մտածելու։

Այս ամենը թերևս ավելի լավ կարող ենք ասել աղոթքի ու բանաստեղծության կերպարանքով.

«Բնակվիր մեր մեջ, ո՜վ Տեր, Քո թեթև ներկայությամբ։ Թող որ մենք դողանք Քո ջինջ ու վճիտ հայացքիդ դիմաց։
Դու բանաստեղծություն բերեցիր տիեզերքի սրտի մեջ, կրկին բացեցիր դռները, վերարթնացրեցիր գարունը։
Դու ես ներկան ու ապագան, Դու ես ուժն ու սերը։ Քո սիրալիր հպումը օրհնություն է ամեն մի աղքատության վրա։

Ծնվեցիր ամեն մի մարդու նման, լույսով եռուն, հողի կոշտությամբ, ջրի կարկաչով ու քամու փսփսուքով, ծնվեցիր մեզ հիշեցնելու համար, որ կյանքը սիրելու համար կյանք է հարկավոր։
Ծնվեցիր գիշերով, հևոցը հևոցի վրա, գիշեր, որ մտերիմ դարձավ մերկությանդ պարգևումով։ Այս գիշերվա մեջ վարժեցրու մեր հայացքը չհեռանալու Քեզնից. լույսի մի բաղձանք թող խածնի մարդկանց, որոնք այլևս չեն երազում» (Լ. Վերդի)։

Ե՛կ, Տե՜ր, իբրև կյանքի բոց մեր ջերմազուրկ հարաբերությունների համար, անլույս օրերի համար, հանգած գաղափարականների համար։

Ե՛կ, Տե՜ր, իբրև աստղ խավարի մեջ. մեր սրտի մութ կողմերի համար, որոնք սպառնում են մեզ, կյանքի դաշտում կրած մեր բոլոր պարտությունների համար։
Ե՛կ, Տե՜ր, իբրև երգ գիշերվա մեջ. այն ամբողջ վախի, հիացմունքի պակասի, երկխոսության այն ամբողջ մերժման համար, որոնք շարունակում են գոյատևել աշխարհում։

 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ