25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրուն չի

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի գլխավոր թեման ռուսական գազի քաղաքականության իրավական ու քաղաքական կարգավիճակային ձևակերպումն էր Հայաստանում, անցավ բանավեճի սրության սահմանը: Այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական պայքար ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև, որը նույնիսկ կոնֆլիկտային երանգ ուներ:

Ընդդիմության տորպեդահարումն ուղեկցվում էր ԱԺ շենքի դիմաց քաղաքացիական ակտիվիստների բավական եռանդուն բողոքի ակցիայով, որը յուրօրինակ աջակցություն էր խորհրդարանական ընդդիմադիր ուժերին իրենց համոզմունքներն էլ ավելի վստահ արտահայտելու համար: Այն, որ Ռուսաստանը Հայաստանին ամբողջովին իր ազդեցության ոլորտ ներքաշելուց հետո պետք է գնար հայկական տնտեսական կարևորագույն մնացյալ օբյեկտների ձեռքբերմանը, տրամաբանական էր՝ հաշվի առնելով գործընթացի սպեցիֆիկան, որն ուղղված էր ոչ միայն Հայաստանին դուրս բերելու ասոցացման գործընթացից, այլև՝ հետագայում հեռու պահելու եվրոպական ուղղվածության գայթակղություններից:

Ժողովրդական լեզվով ասած՝ ռուսները երկաթը տաք-տաք ծեծեցին: Եվ հիմա, այդ ”ծեծված երկաթը” երևում է՝ այնքան էլ հեշտ քաղաքական թիրախ չէր Կրեմլի համար, որովհետև այն մոբիլիզացրեց թե հանրային, թե քաղաքական ուժերի բավական լուրջ զանգված, որը, եթե նույնիսկ հաջողություն էլ չունենա, ապա Հայաստանում Ռուսաստանի հեղինակության նկատմամբ կասկածներն ավելի կխորանան: 

Ի վերջո, անվտանգության երաշխավորն աստիճանաբար կարող է հայտնվել անվտանգության սպառնալիքի դերում հասարակության լայն շերտերի աչքում: Հավանաբար իշխող մեծամասնությունն էլ չէր սպասում նման կոշտ արձագանքի, դրա համար էլ հարցի քվերակությունը հետաձգվեց, որպեսզի կրքերը հանդարտվեն՝ փորձելով ցույց տալ, որ ԱԺ-ն միայն դակիչ մարմին չէ:

Գուցե սրանով Ազգային ժողովը փորձեց նաև բռնել կառավարության վախը՝ հասկացնելով, որ առանց ԱԺ համաձայնության ու գիտության պարտքեր կուտակելը ՛՛սիրուն չի՛՛:

Ինչևէ, պառլամենտական ընդդիմությունը որոնում է կոնսոլիդացման ուղիներ, սակայն վճռական, առաջնորդող քաղաքական քայլեր դեռ չեն նկատվում՝ ըստ երևույթին տակավին միմյանց նկատմամբ վստահության պակասի ու ավանգարդային կուսակցության բացակայության պատճառով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ