Տիմոշենկոյի օրինակը ու ՀՀ կառավարությունը
՛՛Դուք ճիշտ չեք ասում, որ չեք հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու, 2012 թ. փետրվարի 17-ին ձեր ասուլիսում դուք հայտարարել եք, որ չի բարձրանալու՛՛,-այսօր Հայռուսգազարդի քսան տոկս բաժնեմասը ռուսական Գազպրոմին և ՌԴ-ի հետ մի շարք համաձայնագրերի վերաբերյալ քննարկմանը, դիմելով Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Սակայն պատգամավորի հատվածը դրան չէր վերաբերում: ՛՛Դուք ընթերցեցիք այս վասալային պայմանագրի միայն չեզոք հատվածները, ընթերցեմ մեկ-երկու համառոտ հատված:
Գազպրոմը ՀայՌուսգազարդ բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացնում է ուղիղ վաճառքի ճանապարհով, առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցման: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխվի, չեղյալ չեն համարվի, հայկական կողմի ներկայացուցիչը իրավունք ունի, որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ, ներկա գտնվել ՀայՌուսգազարդ ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին՛՛,-ընթերցեց Զոհրաբյանն ու հավելեց.
՛՛Այս նախարարությունը հասկանու՞մ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունները, դուք տեղյա՞կ եք արդյոք Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ինչի համար է այսօր դատապարտված, իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու և դրա որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար՛՛:
Զոհրաբյանի խոսքով՝ միանշանակ է, որ այս կառավարությունը պետք է քրեական պատաասխանատվության ենթարկվի:
Արմեն Մովսիսյանը նշեց, որ Կառավարությունը շատ լավ հասկանում է այդ տարբերությունները և համամիտ չէ Զոհրաբյանի ձևակերպումների հետ:
՛՛Կառավարությունը չի գտնում, որ այս պայմանագիրը, այս համաձայնագիրը ձեր ասած վասալի պարտավորությունները իր մեջ ներառում է, կխնդրեի ուղղակի պայմանագիրը ուշադիր մինչև վերջ կարդալ՛՛:
Զոհրաբյանը շեշտեց, որ պայմանագիրը կարդացել է ոչ միայն ինքը, այլև ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին Բաղրամյան մուտքի մոտ կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը ՛՛չվավերացնել այն քրեական պատասխանատվություն ենթադրող այս վասալային համաձայնագրերը և չմտնել նման խայտառակ պատասխանատվության մեջ՛՛: