Ես ինձ խաբված եմ զգում. Օսկանյան
ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացման քննարկմանը ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հարցրեց, թե ինչու իրականությունը չեն ներկայացրել իրենց:
՛՛Մենք միասին աշխատել ենք որպես նախարարներ, բայց նման բարդ իրավիճակներում երբեք չենք գտնվել ու մենք, մեր գործընկերները երբեք չենք դավաճանել:
Հնարավոր է միշտ իրականությունը չասել, բայց երբեք պետք չէ ստել, վերջ ի վերջո մենք պետք է անկեղծ լինենք ԱԺ-ի ու հիմնականում մեր ժողովրդի հետ: Ես որպես պատգամավոր ու քաղաքացի խաբված եմ զգում, դուք միգուցե փորձեք հակառակի մեջ համոզել, բայց դուք ինքներդ բազմիցս այս ամբիոնից հերքել եք, որ Հայաստնաի համար գազի գինը չի թանկացել՛՛,-ասաց Օսկանյանը:
Նրա համար ակնհայտ է , որ տարիների կամ մի տարվա ընթացքում ՀՀ-ը պարտք է կուտակվել: ՛՛Հիմա մենք բոլորս գիտենք, որ ԱԺ-ը պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը, բայց մենք տեղյակ չենք եղել այս մասին:
Դուք ԱԺ-ի հավանությունը չունենք, հարցն էլ չեք ներկայացրել մեզ: Դուք եկել եք, և ուզում եք, որ Ազգային ժողովը վավերացնի, մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք: Ես ինձ խաբված եմ զգում ու ուզում եմ իմանալ՝ որն է իրականությունը՛՛:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, որ ՀՀ-ի համար գինը չի բարձրացել: ՛՛Ես ասել եմ, որ գինը չի բարձրանալու ՀՀ-ի համար ու բանակցություններ են գնում, ուրիշ բան երբեք չեմ հայտարարել՛՛: Մովսիսյանը շեշտեց, որ այս ընթացքում բանակցություններ են ընթացել և միայն հիմա են պայմանավորվածություն ձեռք բերել, և հիմա է պարզ դարձել այդ պարտքի կոնկրտե գումարի չափը:
՛՛Մինչ այդ որևէ բան ներկայացնելը ձեզ իմաստ չուներ՛՛,-նշեց նախարարը:
Նա հավելեց, որ պարտքը կուտակվել է 2011 թվականից: