Նոր անձնագրեր` հունվարի 1-ից

Հունվարից կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը տրամադրվելու են տասը տարի ժամկետով: Նույնականացման քարտն իր մեջ պարունակում է էլեկտրոնային ստորագրություն, որի շնորհիվ քաղաքացին կարող է տնից կատարել գործարքներ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Նա նշեց, որ աղքատության նպաստ ստացող, 16 տարին լրացած, առաջին անգամ նույնականացման քարտ ստացող անձանց քարտերը տրվում են անվճար:
“Բոլոր անձնագրերը մինչև ժամկետի ավարտն ուժի մեջ են, քաղաքացիները պարտավոր չեն ստանալ կենսաչափական անձնագրերը, սակայն ըստ ցանկության, կարող են և ստանալ: Երեխաները կարող են միշտ ստանալ նախկին նմուշի անձնագրեր, քանի որ դա տրվում է երեք տարով, սակայն ծնողի ցանկությամբ կարող է ստանալ նաև նորը:
Եթե քաղաքացին նախկինում վճարում էր լուսանկարի, ելքի վիզայի համար, ապա կենսաչափական անձնագրի պարագայում նման հասկացություն գոյություն չունի: Այն իր մեջ էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային չիպ՝ կրիչ է պարունակում, որում քաղաքացիների բոլոր տվյալներն են”,- նշեց բանախոսը:
Հունվարի մեկից հետո նրանք, ում անձնագրի ժամկետը լրացել է, կարող են ձեռք բերել միայն նոր նմուշի անձնագրեր: Նա նշեց, որ այժմ ողջ աշխարհում տեռորիզմի դեմ պայքար է գնում, ուստի անհրաժեշտ է անցնել նոր նմուշի անձնագրերի, քանի որ դրանք կեղծելը դժվար է: