Հայրիկյանը լեգիտիմացնում է սեպտեմբերի 3-ի որոշումը. 168 ժամ
168 ժամ թերթը գրում է.
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հետևողականորեն շարունակում է հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում, որոնք ուղղված են Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ։ Նրա հերթական հանրահավաքը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ օրը: Թեև Հայրիկյանը հայտարարում է, որ սոցիոլոգիական հարցումներով Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին կողմ է Եվրամիության հետ ասոցացմանը, և միայն 40 տոկոսն է նախապատվությունը տալիս Մաքսային միությանը, սակայն բոլորը տեսնում և արձանագրում են, որ Հայրիկյանի հրավիրած հավաքների մասնակիցների թիվը հազիվ է հասնում 40-ի։
Թե որոնք են Պարույր Հայրիկյանի կողմից հրավիրվող հանրահավաքների իրական դրդապատճառները, և ինչն է դրանցով ԱԻՄ նախագահը ցանկանում ցույց տալ աշխարհին , դժվար է ասել:
Սակայն եթե Հայրիկյանն առաջնորդվում է ազնվագույն մղումներով ու իսկապես դեմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա ավելի լավ է՝ հրաժարվի դրա դեմ հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից:
Այլապես նա արդեն շուրջ մեկ ամիս նման խղճուկ հանրահավաքներ կազմակերպելով՝ աշխարհին ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս, առաջնորդվել է հանրային պահանջով, և հակառակը պահանջողների թիվը չի հասնում նույնիսկ հարյուրի։ Միջազգային հանրության համար այդքան էլ կարևոր չէ՝ ո՜վ է Հայրիկյանը, ի՜նչ վարկանիշ ունի հանրության շրջանում։ Նրանք ընդամենն արձանագրում են, որ Հայաստանում մոտ մեկ ամիս շարունակ Մաքսային միությանն անդամակցության դեմ հանրահավաքներ են կազմակերպվում, ու դրանց մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Այսինքն Հայրիկյանն իր հանրահավաքների շարքով, կամա թե ակամա, լեգիտիմացնում է սեպտեմբերի 3-ի որոշումը՝ այդպիսով մեծագույն ծառայություն մատուցելով իշխանությանը։ Դա Հայրիկյանի մոտ այնքան էլ վատ չի ստացվում, եթե հիշենք նաև այս տարվա նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած մահափորձից հետո նրա ցուցաբերած վարքագիծը: