Հայկական պլանշետները ազատ գոտու տարածքում. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհի”, վարչապետին կից գործող արդյունաբերության խորհրդի նիստում օրերս ներկայացվեցին հայկական առաջին պլանշետներն ու հեռախոսները։ Դրանից շատ չանցած ծրագիրը կարծես մտնում է գործնական փուլ։ Հայկական առաջին պլանշետները նախատեսվում է թողարկել արդեն տարեսկզբից։
Այդ նպատակով արտադրող ընկերությունը դիմել է կառավարությանը վերջերս ստեղծված ազատ տնտեսական գոտում պլանշետների արտադրության թույլտվություն տալու համար։ Սպասվում է, որ կառավարությունը առաջիկա նիստում կտա իր համաձայնությունը։
Սա նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ շուկայում կհայտնվեն հայկական պլանշետները, որոնք կիրացվեն բավականաչափ մատչելի գնով։ Դրանք մակնշված կլինեն “Հավաքված է Հայաստանում” գրությամբ։
Պլանշետների արտադրությունը նախատեսում է կազմակերպել ամերիկյան կապիտալով ստեղծված “Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս” ընկերությունը, որը հիմնադրել է ամերիկահայ գիտնական Վ.Շաքարյանը։ Նա Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարա համալսարանի դասախոս է։ Պլանշետների արտադրության ոլորտում Վ.Շաքարյանի գործունեությունը նոր չի սկսվել։ Նա MINNO պլանշետներ արտադրող ընկերության հիմնադիրներից է։
Թերեւս այս ընկերության հետ էլ նախատեսվում է համագործակցությունը նաեւ հայկական պլանշետների արտադրության դեպքում։ Վերջինս զբաղվելու է դրանց իրացման կազմակերպմամբ, ինչն անշուշտ ամենակարեւոր խնդիրներից մեկ է։ Բարձր տեխնոլոգիաների արտադրության շուկայում նոր ընկերության մուտքն այնքան էլ հեշտ չէ։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: