Կարտոֆիլ և կանաչի՝ ՀՀԿ-ի դիմաց. հրաժարական են պահանջում
«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, բողոքի ակցիա է իրականացրել Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց:
Կուսակցության անդամներն իրենց հետ բերել էին կարտոֆիլ եւ կանաչի: Նշենք, որ կարտոֆիլների վրա փակցված էին ՀՀԿ-ականների լուսանկարներ:
Լրագրողների հետ զրույցում Մարինա Խաչատրյանը հիշեցրել է վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, Հայաստանում շուրջ 60 հազար ծայրահեղ աղքատ մարդ կա:
«Հայաստանի իշխանություններն աղքատությունն օգտագործում են որպես գործոն՝ հնարավորինս ավելի կառավարելի եւ հնազանդ պահել ժողովրդին եւ հնարավորություն ունենալ վերարտադրվել»,- կուսակցության հայտարարությունից մեջբերում արեց Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Հակոբ Հակոբյանն օրեր առաջ հայտարարել էին, որ թանկացումը չի վնասի աղքատներին՝ նշելով, որ նրանք սովորաբար կարտոֆիլ են ուտում, որն էլ չի թանկացել:
Մարինա Խաչատրյանը ՀՀԿ-ի դիմաց հայտարարեց, որ Հակոբյանն ու Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնեն: