Մի՛ խանգարեք տնտեսությանը, կտրեք դրանք, անկախացրեք. Բագրատյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկներ է ներկայացրել վարչապետին, որոնց ընդունման դեպքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի եռակի ավելացում կունենանք: «Այնպես որ, հանրապետության նախագահի ասածն այդ առաջարկներին չի հակասում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով նախագահի հայտարարությանը: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ»:
Պատգամավորը նկատեց՝ ազատ մրցակցային հնարավորություն է պետք ստեղծել, և երկիրը կզարգանա, այլ բան հարկավոր չէ: «Մի՛ խանգարեք տնտեսությանը, մի՛ հովանավորեք տնտեսության առանձին ճյուղեր, որևէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի տնտեսությամբ զբաղվելու, կտրեք դրանք, անկախացրեք, կտեսնեք, որ արդյունքը կարճ ժամանակի մեջ կեռապատկվի»:
Սերգեյ Բագրատյանն ընդգծեց՝ այս սկզնունքով նաև բնակչության աճ ու հետ վերադարձ կլինի: «Բոլորը կվերադառնան: Հիմա նախադրյալներ չեմ տեսնում: Կառավարությունն ի վիճակի չէ ազատ տնտեսական մրցակցություն ապահովել, սա միանշանակ է: Երկրի բարձրագույն իշխանությունը նախագահի գլխավորությամբ պետք է որոշում կայացնեն ու անցնեն գործի՝ բացեն դաշտը, և երկիրը կկարգավորվի»:
Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ եթե պատրաստ չեն քաղաքականությունն ազատել, ազատ ընտրություններ ունենալ և այլն, ապա գոնե տնտեսությունը պետք է ազատականցնել: «Հիմա այս երկուսն էլ կաշկանդված են: