ԱԺ խմբակցությունները դիմել են Հովիկ Աբրահամյանին
Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները դիմում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրով ՍԴ դիմելու որոշման հետ կապված:
”Գնում են Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի ստորագրեն ու հանձնենք վաղը”,-Henaran.am-ին այս մասին հայտնեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները պահանջում են, որ համակարգից պարտադիր բաղադրիչը հանվի, և դրա հետ կապված հայցով դիմելու են Սահմանադրական դատարան: Փաստաթուղթը, փաստորեն արդեն պատարստ է, և վաղը խմբակցությունները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի ՍԴ` փաստաթուղթն այնտեղ հասցնելու:
Հարցին, թե ՍԴ-ից հույս կա, պատգամավորը պատասխանեց. ”Ամեն դեպքում դա գործիք է, որը պետք է օգտագործել, եթե ունես այդ գործիքն, ուրեմն պետք է օգտագործես”:
Իսկ ինչ կանեն, եթե ՍԴ-ը որոշի չբավարարել իրենց հայցը, Փոստանջյանն այս մասին ասաց. ”Կորոշենք` հետագայում ինչ քայլեր կարող ենք իրականացնել: Հանրությունը պետք է ինքը թելադրողը լինի այս քայլերում: Եթե դու դիմում ես Ազգային ժողովին, խնդրում ես, որ խնդիրների վերաբերյալ բարձրաձայնի, չի անում, երկրորդը դիմում ես դատարան, քանի որ համակարգը հակասահմանադրական է, եթե չի անում… ինչպես ասում են` դու չպիտի այնպես անես, որ մարդը դիմի ապստամբության”: