Պետական մարմինը լծակ չունի աղանդների դեմ. Հայոց աշխարհ
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում նշել է, որ այս տարի որեւէ նոր կրոնական կազմակերպություն չի գրանցվել: Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը վերանայել է կրոնական կազմակերպությունների ցուցակը, կան որոշ տեղաշարժեր: Գրանցված կրոնական կազմակերպությունների թիվը նվազել է` դառնալով 65:
Երեք կազմակերպության գործունեություն կասեցվել է: Կասեցման պատճառը կրոնական գործունեությունը չի եղել: Խնդիր է եղել ֆինանսական հաշվետվության ժամկետների խախտման առումով: Ինչ վերաբերում է աղանդների դեմ պայքարին, ապա սույն վարչությունը նման գործառույթ չունի, ուստի այդ մասին խոսելն ավելորդ է:
“Գործող օրենքի համաձայն` մենք իրավական լծակ չունենք, որպեսզի հետամուտ լինենք ու կարողանանք հասկանալ, թե ինչ կազմակերպություն մուտք գործեց Հայաստան:
Ընդհանրապես մենք այն կարծիքին ենք, որ եթե որեւէ աղանդ մուտք է գործել Հայաստան ու գործունեություն է ծավալում կրոնական ոլորտում, ապա այդ մասին պետք է տեղյակ լինեն ե՛ւ հանրությունը, ե՛ւ պետական մարմինները: Այս առումով վարչությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկով էր հանդես եկել: Համաձայն այդ փոփոխության` նրանք, որոնք կրոնական կազմակերպություն չեն, բայց գործունեություն են ծավալում այդ ոլորտում, պետք է կոչվեն խմբեր: Խումբը կարող էր կրոնական կազմակերպություն դառնալ որոշակի ժամանակ անց, առաջարկում էինք 3-5 տարի: Սակայն մեր առաջարկը հավանության չարժանացավ:
Արդարադատության նախարարությունն օրենքի նոր նախագծում պարտադրում է, որ նույնիսկ փոքրաթիվ խմբերը գրանցվեն որպես կրոնական կազմակերպություն: Նախարարության հիմնավորմամբ` այս կերպ կարելի է դրանք բացահայտել”,-ասել է նա: