35 հազար դոլարանոց “Տոյոտաներ” խորհրդարանին. Ժամանակ
“Ժամանակ”-ի տեղեկություններով ՀՀ կառավարությունը որոշել է նոր մեքենաներ գնել պաշտոնյաների համար: Նոր մեքենաների համար ամենաշատ գումարը հատկացվել է Ազգային ժողովին, որին պետբյուջեից կտրվի 196 մլն դրամ գումար 14 նոր մեքենա գնելու համար:
Եթե գումարը հավասար բաշխվի, ապա ԱԺ յուրաքանչյուր պաշտոնյային բաժին կհասնի 14 մլն դրամանոց մեքենա, որը մոտ 35 հազար ԱՄՆ դոլար է: Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը թերթի հետ զրույցում ասաց, որ նոր մեքենաները նախատեսված են ԱԺ երկու փոխնախագահների ՀՀԿ-ականներ էդուարդ Շարմազանովի ու Հերմինե Նաղդալյանի համար, ինչպես նաեւ ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների համար, այսինքն ՀՀԿ-ականներ Արա Բաբլոյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զաքարյանի, Հակոբ Հակոբյանի, Արտակ Դավթյանի, Վարդան Այվագյանի, Կորյուն Նահապետյանի, ԲՀԿ-ականներ էլինար Վարդանյանի, Մարտուն Գրիգորյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ այլոց համար:
Ուշագրավն այն է, որ թե Աժ փոխնախագահները, թե Աժ հանձնաժողովների նախագահներն արդեն իսկ շրջում են ծառայողական Toyota camry ավտոմեքենաներով, որոնք նույնպես թանկարժեք մեքենաներ են եւ շատ նորմալ վիճակում են: Թերթը հարցով դիմեց Գուրգեն Դումանյանին, քանի որ ԱԺ աշխատակազմն է այդ հարցով դիմել կառավարությանը: “Մեր պարկը շատ հին է:
Մենք արդեն մի քանի տարի դիմում էինք կառավարությանը համապատասխան ֆինանսավորում ստանալու համար, որ գոնե պարկը ինչ-որ չափով թարմացնենք էս 14 հատով, իհարկե, մեր կարիքներն ամբողջությամբ չենք բավարարում, բայց ինչ-որ չափով կարող ենք ավելի թեթեւացնել մեր հոգսը, քանի որ 95-96 թվականներից մեքենաներ ունենք էստեղ”,-ասաց Դումանյանը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: