Հոլանդիայի պես՝ Հայաստանում օրինականացնել մարիխուանան. Ժամանակ
Վրաստանն ապաքրեականացրել է մարիխուաՆայի օգտագործումը: Սահմա
նադրական դատարանը հինգշաբթի օրը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեի հայցը եւ չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանա օգտագործելու համար: Դատարանն ամրագրել է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու եւ պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իր անհատականությունը զարգացնելու իրավունք ունի:
Վրաստանի օրինակից հետո եւ դրանից առաջ էլ Հայաստանում կարծիքներ էին շրջանառվում, որ նույնը պետք է արվի նաեւ Հայաստանում:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, օրինակ, կարծում է, որ մարիխուանայի դեմ պայքարն անիմաստ եւ ժամանակատար զբաղմունք է, հետեւաբար այն պետք է օրինականացնել եւ բերել հարկային դաշտ: «Մարիխուանայի շուկա Հայաստանում գոյություն ունի, եւ այդ շուկան պետք է ստվերից բերել հարկային դաշտ ու հետեւել որակին, որպեսզի մարդիկ չթունավորվեն, չմեռնեն: Բացի այդ, հարկային մուտքեր կլինեն պետական բյուջե: Թե չէ հիմա ինչ-որ մի կաշառակեր ոստիկան, ինչ-որ մարդկանց հովանավորելով, փող է աշխատում: Դա գոյություն ունեցող փաստ է»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ դրա մեջ նաեւ ոչ մի վատ բան չկա:
«Ես չգիտեմ մարդ, որը մարիխուանայի օգտագործումից մահացել է, բայց ես հազարավոր մարդիկ գիտեմ, որ մահացել են սիգարետի օգտագործումից: Թոքի քաղցկեղի հիմնական պատճառը սիգարետն է: Իսկ մարիխուանան թուլացնում է քաղցկեղի ուռուցքի աճը: Այն բժիշկների կողմից ցուցված է նաեւ նյարդային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց: Իսկ մենք, չգիտես ինչու, դրել ու պայքարում ենք մի բանի դեմ, որի դեմ պայքարն անիմաստ է»,-նշեց Սիմոնյանը:
Նրա դիտարկմամբ՝ եթե մենք առաջինը գնանք այն ճանապարհով, որով գնացել է Հոլանդիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծամասնությունը, ապա կկարողանանք նաեւ մեծաքանակ տուրիստներ ներգրավել: «Դա կարող է լավ առիթ լինել, որ մարդիկ գան այստեղ լիցքաթափվելու, հանգստանալու, զվարճանալու համար»,- ասաց մեր զրուցակիցը: Հայաստանի տուրիզմի ընկերակցության Նախագահ, ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի խոսքով, սակայն, դա միանշանակ այդպես չէ, մարիխուանայի օրինականացումից հետո բացասական հետեւանքները՝ կրիմինալի աճ, անկարգությունների տարածում եւ այլ դրսեւորումներ ավելի շատ են լինում, քան դրանից ստացած օգուտները: «Իմ կարծիքով՝ եթե նման բան լինի Հայաստանում, ապա այն հատվածը, որը դրա համար պետք է Հայաստան գա, մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Բացասական հետեւանքներն ավելի շատ են լինելու: Հոլանդիայում, օրինակ, որտեղ վաղուց օրինականացված է մարիխուանայի օգտագործումը, բացասական հետեւանքներն ավելի շատ են»,- ասաց Ոսկանյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես չէ: ՍԱԿ-ի զեկույցներում ամեն տարի նշվում են այն երկրները, որտեղ մարդու ապրելու համար ամենաբարենպաստ պայմաններն են: Հոլանդիան, որը ընդունված է համարել մարմնավաճառության եւ մարիխուանայի երկիր, ՍԱԿ-ի զեկույցներով այդ երկրների ցանկում երրորդ հորիզոնականից չի իջնում:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: