Պուտինը զգուշացնում է՝ չի հանդուրժելու. 168 Ժամ
«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:
«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաև Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արևելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելն ապակառուցողական է և անհեռանկարային, և որ դա կլինի հերթական անհաջող փորձը: Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի և Արևելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այստեղ մենք որևէ տարընթերցումներ չենք տեսնում»,- ասել է նա նշելով, որ որևէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Նա այլ տոնով է խոսել Արևելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց և համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում և չի հաջողվի «Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»: Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արևելյան գործընկերություն ծրագիրը:
Ըստ նրա դրա վառ ապացույցը կարճաժամկետ ծրագրերն են, փաստաթղթերի բովանդակությունը, Հայաստանի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դանդաղ զարգացումը:
«Սերգեյ Լավրովը շեշտը դնում է Թերեզա Մեյի ելույթի վրա: Եվրամիությունում կան և հակառուսական, և ռուսամետ տրամադրված գործիչներ, ռուսամետ երկրներ և հակառուս երկրներ: Անհատ գործիչների ելույթներում նրանց այդ տրամադրվածությունը նկատվում
է, ըստ դրա այդ գործիչները քաղաքականություն են առաջարկում, քաղաքականություն են վարում, սակայն Եվրոպական հանձնաժողովը չափազանց հավասարակշռված է, հանձնաժողովի պաշտոնյաներից և ոչ մեկը հակառուսական քաղաքականություն չի վարում: Ավելին Եվրամիությունում դժգոհում են ԵՄ-ի վարած շատ ավելի թույլ և ոչ համարժեք քաղաքականությունից Ռուսաստանի նկատմամբ: Լավրովը պարզապես փորձում է այս դիտարկումներով ԵՍ-ին զգուշացնել, որ Հայաստանի և Բելառուսի հետ հարաբերություններում ԵՄ-ն չանցնի սահմանները, հենց այդ պատճառով էլ նշվում է Բելառուսի և Հայաստանի մասին: Հայտարարությունն այս տեսանկյունից պետք է քննարկել, այսօր հակառուսական քաղաքականություն չկա, պարզապես զգուշացվում է, որ հարաբերությունների խորացում չի հանդուրժվելու»,- ասաց լեհ քաղաքագետը:
Նրա խոսքով Լավրովի այս հայտարարությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման աշխատանքները կասկածի տակ են հայտնվում, քանի որ Հայաստանը բավականին լայն պարտավորություններ է ստանձնել այդ համաձայնագրով:
«Ստացվում է, որ Հայաստանը գուցե սահմանափակվի այդ համաձայնագիրը վավերացնելիս, քանի որ դրան հաջորդելու են ՀՀ-ԵՍ հարաբերությունների հաջորդ փուլերը, հայկական կողմն ակնկալում է վիզաների դյուրացում, որին Հայաստանն առանց այս բարեփոխումների չի կարող հասնել, վիզային դյուրացումը շատ լուրջ թեմա է Եվրամիության համար, դրա համար պետք է համապատասխան բարեփոխումներ իրականացնել, մոտենալ Եվրամիությանն ազատ մուտք ստանալու համար, սակայն, եթե ռուսական կողմը դա հակառուսականություն է համարում, ապա կասկածել է պետք Հայաստանի ստանձնած պարտավորությունների, և հետագայում դրանց իրականացման վրա. Այսինքն՝ Ռուսաստանը կարող է խոչընդոտել, ուստի զգուշացնում է Հայաստանին և Եվրամիությանը»,- ասաց Զաշտովտը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: