Սերժ Սարգսյանի միջամտությամբ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/naxagah_1387263874.jpg)
Պարտադիր կուտակային կենսաթոշակի ոդիսականը շարունակվում է, և այն վերջնականապես դարձավ քաղաքական պայքարի կատեգորիա, որով քաղաքական ուժերը ձգտելու են ցույց տալ իրենց կարողությունն իշխանության բաշխման կամ մոնոպոլիզացման մեջ:
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերն այս օրինագծի դեմ պայքարում միավորման բավական լավ պլատֆորմ են ստեղծել՝ ունենալով նաև հանրային բավական լայն աջակցություն: Սա իշխանությանը մտահոգության առիթ տվեց փաստորեն, որովհետև այնուամենայնիվ, երևան էին գալիս զանգվածային մոբիլիզացիոն ինչ-ինչ գործընթացներ: Այսօր այդ ուժերը կդիմեն ՍԴ:
Ինչու Սերժ Սարգսյանն անձամբ որոշեց միջամտել հարցին և Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարեց, թե կուտակային կենսաթոշակի գաղափարը դրական է գնահատում: Սրանով նախագահն իր թիմին ցույց տվեց, որ իրենց կողքին կանգնած է և պետք չէ ընկրկել սոցիալ-քաղաքական ճնշումների առջև՝ միաժամանակ ընդդիմությանը հասկացնելով, որ կառավարության որոշումը նաև իր անձնական ցանկությամբ է եղել:
Այն, որ նախագահը վճռականորեն է տրամադրված ցույց է տալիս նրա այն կոչը, որ ՛՛բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն (պարտադիր կուտակային կենսաթոշակների կիրառմանը), շատ ակտիվ պետք է լինեն՛՛:
Թերեւս իշխող կուսակցությունը որոշակի անհանգստություններ է ունեցել բողոքի ակցիաների պատճառով, դրա համար էլ Սերժ Սարգսյանը կոչ է անում իր թիմակիցներին նույնպես կազմակերպել համանման ակցիաներ: Հետաքրքիր է, արդյո՞ք այդպես մտածող մարդիկ շատ են, և մի՞թե նրանք սպասում էին նախագահի հորդորին, որպեսզի ակտիվանային, և ինչի՞ց էին նրանք վախենում մինչ օրս՝ չդրսևորելով համապատասխան ակտիվություն:
Զուտ քաղաքական առումով, սա ուշագրավ երևույթ է այն առումով, որ փաստորեն, տեղի է ունենում ներհամակարգային մրցակցություն. իշխանությունը ձգտում է ընդդիմությանը զրկել իր բոլոր ռեսուրսներից, այն ամենից, ինչը կարող է լինել կամ դիտարկվել որպես իշխանության թուլացման միջոց:
Թե ինչպես կլուծվի հարցը, ցույց կտա ժամանակը: Սակայն, պարզ է դառնում, որ այս հարցի կարևորության, դրա շուրջը ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ ում ցանկությամբ լուծվի, նա էլ կստանա քաղաքական որոշ առավելություններ:
Եթե ընդդիմությանը չհաջողվի հասնել իր նպատակին, ապա կարող է միավորման այս թելը կտրվել, իսկ իշխանության օգտին լուծվելու պարագայում ևս մեկ անգամ կդրսևորվի համընդգրկուն քաղաքականության մոնիզմը: Իսկ թե ինչ կշահի հանրությունը, նորից ցույց կտա ժամանակը, հուսանք՝ ոչ միայն քաղաքացիական հասարակության ամուր ինստիտուտներ: