27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց

Փաստինֆո լրատվական կայքը տեղեկացնում է.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման։ 

 Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։

 Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:

 Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի  առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:

 Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:  

 Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:

 Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին: 

 Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի  1-ին մասով՝  hանցագործության մասին չհայտնելը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ