Ինչ է կատարվում Կարեն Անդրեասյանի հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_(1)_1386926158.jpg)
՛՛Մարդու իրավունքների պաշտպանի հետ կատարվում է այն, ինչ ընդդիմության հետ կատարվում էր ընտրությունների ժամանակ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի մասին, որ վերաբերում է դատական համակարգի չարաշահումներին:
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ իշխանությունն ընդդիմությունից էր պահանջում բացահայտել հանցագործությունները, կեղծիքների վերաբերյալ ապացույցներ բերել, ինչը ոստիկանության աշխատանքն է: ՛՛Նման իրավիճակում հայտնվել է պաշտպանը, զեկույց է ներկայացրել, որի դրա մասին չնայած բոլորը գիտեն: Նա ուղղակի խիզախություն է ունեցել, ու հիմա բոլոր կողմերից հարձակումներ կան՛՛,-շեշտեց նա:
Ըստ Մարտիրոսյանի՝ զեկույցի առաջին մասը պետք է լուրջ դիտվի, ինչի մասին հակառակ կարծիքն էր հայտնել Փաստաբանների պալատի նախագահը:
՛՛Ես կարծում եմ, որ առաջին մասն է ամենալուրջը. կոռուպցիան ամբողջ Հայաստանում համատարած է, իշխանության բոլոր թևերը ախտահարված են դրանով: Հայաստանում որևէ մեկն իր արդար իրավունքների պաշտպանությունը դատարաններից չի սպասում, որովհետև դատարանը հրահանգավորված ուղիղ զանգերով է որոշումներ իրականացնում՛՛:
՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահն իր աջակացությունը հայտնեց Կարեն Անդրեասյանին: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Հարությունյանը աշխատանքից հեռացան, իսկ հիմա նույնը կատարվում է Կարեն Անդրեասյանի հետ:
՛՛Ուղղակի այնքան բողոքներ են ստանում, որ լինելով իշխանության կադրը մարդկայնորեն չեն դիմանում ու զեկույցներ են ներկայացնում՛՛,-եզրափակեց Մարտիրոսյանը: