Մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները
Գայլերը միշտ հետապնդում են ոչ թե առողջ և ուժեղ ոչխարներին, այլ վիրավոր ու փոքրիկ ոչխարներին: Այս «գայլերը» մարդկանց կպատմեն այն, ինչ նրանք ցանկանում են լսել, և ոչ թե այն, ինչի կարիքն ունեն. որովհետև նրանք առողջ ուսմունք չեն ցանկանում լսել, այլ ցանկանում են լսել ինչ որ մեկին, որը շոյում է իրենց ականջները: Իսկ նման գայլերից կարելի է խուսափել միայն մեկ ճանապարհով. ճանաչել իրական փարախի դուռը և ճանաչել իրական հովվի ձայնը:
Երբ մարդը մերժում է ճշմարտությունը, սիրով ընդունում է սուտը, իսկ սուտը գովազդողների պակաս չունենք մեր օրերում: Պողոս Առաքյալը զգուշացնում է, ասելով. «Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին եւ դատապարտվեն
բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը եւ հաճույք գտան անօրենության մեջ»։ Իսկ Կղեմես Աղեքսանդրացին ահա այսպես է ասում …
«Տգիտություն և տկարություն, ահա՛ մեղքի երկու աղբյուրները, որոնք երկուսն էլ մեր կամքից են կախված։ Իսկ մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները։ Թե՛ մեկի, թե՛ մյուսի դեմ պայքարելու միջոցներ են շնորհվել մեզ. դրանք են ճանաչողությունն ու սուրբգրային ապացույցների վրա հիմնված խորին համոզմունքը» :
Ծովիկ Դավթյան