Շատ անգամներ համբերել եմ, բայց այլևս բավական է. Արմեն Դարբինյան
Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անդրադարձել է բուհական կոռուպցիայի մասին խնդրին:
Facebook-ի իր էջում նա գրել է, որ այդ հարցը հերթական անգամ հրապարակայնացվել է բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր:
«Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է: Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա: Համալսարաններում աշխատող ուսուցիչները, դասախոսները և գիտնականները մեր երկրի ամենապատվարժան մարդիկ են, իրենց անձնուրաց աշխատանքով Նոր Երկիր կառուցելու սաղմն են ստեղծում այժմ:
Պարոնայք պաշտոնյանե՛ր, եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, հրապարակեք դրանք՝ անուն առ անուն, և թույլ մի՛ տվեք որ եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությունը: Իմ կողմից պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել, դրա երաշխավորը ես եմ՝ որպես համալսարանի ռեկտոր: Նաև հրավիրում եմ պարոն դեսպան Սվիտալսկուն մեր համալսարան՝ սիրով կկիսվեմ նրա հետ մեր ձեռքբերումներով և փորձով», – ընդգծել է Ա.Դարբինյանը: