Լույսը բացվեց իր բոլոր բարիքներով. խոսենք Աստծո հետ
Լույսը բացվեց իր բոլոր բարիքներով հանդերձ: Իմաստություն խնդրենք մեր Տիրոջից այդ բարիքները տեսնելու համար, և գնանք պետքերի հետևից, ոչ թե վայելչականի:
Մեր սիրելի Պողոս առաքյալը ասում է մի. Մի՛ հանգցրեք Հոգին: Սուրբ Հոգին մարում է մեր մեջ, երբ չենք կատարում Աստծո կամքը: Իսկ Աստծո կամքն է միշտ ուրախ լինել, անդադար աղոթել, և գոհանալ:
Անդադար աղոթելու գաղտնիքը գիտեն նրանք, որոնք ողջ օրվա ընթացքում մտքում խոսում են Աստծո հետ, և ընդհատում են այն ժամանակ, երբ խոսում են մեկ ուրիշի հետ: Այս գաղտնիքը չգիտեն նրանք, որոնք հատուկ պատրաստություն, տեղ, ժամանակ, վայր, պատճառ են փնտրում աղոթելու համար: Մինչդեռ այսքան պարզ է աղոթելը:
Իսկ աղոթող մարդը միշտ ուրախ է: Իսկ ուրախ մարդը անպայման գոհ է ամեն ինչից: Նորից հիշենք, որ ունենալը կապված չէ գոհանալու հետ և չունենալը առիթ չէ չգոհանալու համար: Վերջում էլ Առաքյալը հորդորում է, որ մենք միմյանց հետ խոսենք այս մասին: Դրա համար գրեցի ձեզ իր խոսքերը: Եթե հետաքրքրեց, կարող եք կարդալ Ա. Թեսաղոնիկեցիների 5 րդ գլուխը:
Ծովիկ Դավթյան