Չարությո՞ւն եմ արել. նախարարը ներողություն խնդրեց
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատգամավորների՝ իրեն ուղղված հորդորներից ու քննադատություններից հետո փորձեց կրկին ներկայացնել իր բերած նախագծի դրական ու բացասական կողմերը:
Նա նշեց, որ եթե մենք համեմատում ենք Հայաստանի փորձը տարբեր երկրների հետ, ապա տեսնում ենք, որ այսլ երկրներ ավելի քիչ ստորգետնյա ջրեր օգտագործելով հանդերձ ձկնաբուծության ոլորտում ավելի մեծ շահույթ են ստանում: ՛՛Մեր խնդիրն այն է, որ ավելի շատ էֆֆեկտիվություն մտցնենք՛՛,-ասաց նա:
Նկատենք, որ խոսքը՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է, իսկ պատգամավորները մտավախություն ունեն, որ այս նախագծի ընդունման դեպքում ձկի գնաճ կլինի: Նախարարը վստահեցրեց, որ այդպիսի բան չի լինի:
՛՛Ասում են՝ ի՞նչի ձկի գինը տաս անգամ բարձրանում է, ես էլ ասում եմ, որ այս օրենքը վերաբերում է ձկի գնագոյացմանը, ձկան գինը չի բարձանում տասն անգամ, խոսքն ինքնարժեքի մասին է՛՛: Նա համաձայնեց ընդունել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը, և հաջորդ տարվա առաջին եռամսյակում համալիր ծրագիր ներկայացնել այս նախագծի քննարկման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է պատգամավորների հորդորներին՝ հարգանով վերաբերվել խորհրդարանին, ապա Հարությունյանն ասաց. ՛՛Ես չեմ ասել՝ իրավունք ունեք, թե չունեք, դուք հարց եք տալիս, իսկ մենք էլ իրավունք ունենք պատասխանելու: Դուք ասում եք copy paste եմ արել, կոնկրետ ասեք որ հատվածի մասին է խոսքը: Դուք ժպտում եք, ինչպես երեկ էիք դա անում՛՛,-դիմելով Էդմոն Մարուքյանին ու Արփինե Հովհաննիսյանին՝ ասաց նախարարը:
՛՛ Դուք ասում եք՝ մեր տուն եք եկել, խելոք պահի քեզ, բայց ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Ես էլ եմ պատգամավոր եղել երկու անգամ՛՛,-նշեց նա, ապա հավելեց. ՛՛Ես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիարվորելու, իսկ եթե վիրավորվել եք, ներողութում եմ խնդրում՛՛: