«Դատավորների աշխատավարձը շատ համեստ է»
«Համակարգը՝ ոչ միայն դատական ունի իր թերությունները: Բայց գործիքը թույլ է տալիս վերահանել ոչ միայն բացասական, այլև դրական կողմերը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացումից հետո:
Նախարարն ընդգծեց, որ արդարադատության ոլորտում շատ քիչ գումար է ծախսվում: «Եվրոպական ցանկացած երկրի հետ համադրեք, մեզ մոտ և՛ դատավորների միջին աշխատավարձը, և՛ նրանց քանակը շատ համեստ է: Այս պահին չունենք հնարավորություն՝ մեզ շռայլություն թույլ տալու այդ առումով: Համադրեք դատավորի միջին աշխատավարձը, կտեսնեք, որ այս առումով շատ համեստ վիճակում ենք»,-ասաց նախարարը:
Խոսելով համակարգում արդյունքներից բավարարվածության մասին՝ Հարությունյանն ասաց. «Եթե բավարարվենք արդյունքներով, երևի ոչինչ չենք անի: Արդյունքներով բավարարված չենք, դրա համար անընդհատ կատարում ենք նորանոր քայլեր՝ բարելավելու իրավիճակը»:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ստորագրված պայմանագրով մեծացվող բյուջեին, նախարարն ընդգծեց, որ ներդրվելու նորանոր գործիքներ: «Շատ շուտով հանրային դատին կներկայացնենք ռազմավարական մեր ծրագիրը: Քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ»: