Պատգամավորները վիրավորված են նախարարից. ՛՛թեժ՛՛ կրքեր ԱԺ-ում
Ազգային ժողովում բավական ՛՛թեժ՛՛ քննարկում է ծավալվել ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ: Նախագիծը դեռ երեկ էր ներկայացվել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից:
Ըստ նրա՝ փոփոխություն է կատարվելու ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգում, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5%-ը:
Օրենքի նախագծով՝ Արարատի և Արմավիրի մարզերում բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրվող խնդրո առարկա հաշվարկային ծավալը բարձրացվել և սահմանվել է արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50%-ի չափով:
Նախարարն ասաց, որ ժամանակին տրված արտոնությունը հիմա հանվում է կիսով չափ, իսկ նախարարի կարծիքով՝ ընդհանրապես, արտոնություն չպետք է տրվի, որպեսզի տնտեսվարողներն ազատ մրցակցեն: Դեռ երեկ նախագծին դեմ արտահայտվեցին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Արփինե Հովհաննիսյանը, ովքեր մտավախություն ունեին, որ նման կերպ կարող է ձկան գինը բարձրանալ:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հորդորեց նախարարին խորհրդարանի նկատմամբ նման վերաբերմունք չդրսևորել, նույնիսկ եթե համաձայն չէ պատգամավորների հետ:
՛՛Վիրավորել մարդուն, ասել՝ խորը սխալմունք, չգիտեմ ինչ, ես պարտավոր չեմ, նման բան չկա .. . դուք պարտավոր եք, այո մանրամասն ներկայացնել, և տիկին Նաղդալյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ-օրենքի այն պահանջները, որի համաձայն ՝ պետք է նախագիծը մտնի խորհրդարան, բերեք այդ պահանջները, ապահովեք և ոչ մեկը ձեզ ոչ մի բան չի ասում և չի էլ ասելու, կոռեկտ հարցեր են տրվել, բայց պատասխանները չեն եղել: Սա է խնդիրը՛՛,-նշեց Մարուքյանը:
Նա ևս իր անհանգստությունը հայտնեց, որ ձուկը կարող է թանկանալ: ՛՛Ճիշտ է, տնտեսական նախագիծ չի, ըստ էության, բայց տնտեսական ազդեցություն է ունենալու, հիմա մարդիկ կգ-ը 1700-1800 դրամով իշխան են առնում, ավելի էժան կարող է, բայց հիմա կանխատեսումներ կա՞ն այս ոլորտում:
Այս հարցերին պատասխանեք, ես մասնագետ չեմ, իրավաբան եմ, բնապահպանության բնագավառում ձեզ հետ ոչ մի անգամ ոչ մի կերպ չեմ կարող մտնել քննարկումների մեջ, ես ուղղակի ձեզ հորդորում և պահանջում եմ համապատասխան հարգանք լինի ԱԺ պատգամավորների նկատմամբ՛՛:
Մարուքյանի ելույթից հետո ԱԺ նախագահը նկատեց, որ համաձայն է նրա հետ: ՛՛Որևէ նախարար որևէ պատգամավորի իրավունք չունի վիրավորել կամ չգիտեմ ինչ-որ խոսքեր ասել անհարիր, նույնը հակառակը՝ նաև պատգամավորը նախարարին՛՛,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ կոռեկտության կոչ անելով: