«Եթե մենք ձեզ «Ցռան Վերգո», «ղզլբաշ» ենք դիմում, կարծում եք խելագար ենք».Դեդը՝ դատավորին
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» -2-ի գործով դատաքննությունը:
«Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) հանդես եկավ հայտարարությամբ .
Դեդի փոխանցմամբ՝ ՔԿՀ-ից իրեն դատարան են տեղափոխում շղթայված, այդ մասին տեղեկացրել է դատարանին, սակայն, մինչ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
«Ինձ շղթայված են դատարան տեղափոխում, խոստացաք անդրադառնալ ընթացքում, սակայն, հիմա լռությամբ մերժում եք: Դատարանը մինչեւ հիմա «ամբաստանյալով» է ինձ դիմում, ինչը չի համապատասխանում իմ կարգավիճակին, քանի որ ես քաղբանտարկյալ եմ: Հիմա, եթե մենք ձեզ «Ցռան Վերգո», «ղզլբաշ» ենք դիմում, կարծում եք խելագար ենք: Խնդրում եմ ասեք` ինչպես դիմեմ ձեզ: Չէ որ ղզլբաշները, որոնք նույն կերպ էին վարվում ժողովրդի հետ, ինչպես այս ռեժիմն է վերաբերում մեզ հետ հիմա: Զարհուրելի է այն դատարանը, որը քցում-բռնում, ոնց ուզում մրոտում է: Արեք, մեկա մենք մերն արել ենք արդեն»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: