19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմը մոտենում է. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի այցը Բաքու, ապա Երևան:

– Ռուսաստանը տիրապետում է խնդրի բանակցային գործընթացին: Օրակարգն այսօր Ռուսաստանն է թելադրում: ԱՄՆ վարչակազմը խիստ զբաղված է առավել մասշտաբային խնդիրներով, և Հայաստանը Սպիտակ տանն այս պահին բոլորովին չի հետաքրքրում: Ֆրանսիան ևս Հայաստանով քիչ է հետաքրքրվում, և քանի որ Հայաստանը ֆրանսիական գաղութ չի եղել, Հայաստանում Ֆրանսիան առավել քիչ շահեր ունի, քան անգամ ԱՄՆ-ը: Հետևաբար Մինսկի խմբում ԱՄՆ-ը և Ֆրանսիան որևէ արտակարգ ջանքեր, հասկանալի պատճառներով, չեն կատարում: Փոխարենը Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի ահռելի շահեր և նրան ձեռնտու է նախաձեռնություն դրսևորել, ինչպես նաև կոնֆլիկտի առկայությունն օգտագործել սեփական շահերը սպասարկելու համար: Եվ դա ևս հասկանալի է: Լավրովի այցը տարածաշրջան թերևս պայմանավորված էր Ադրբեջանի վրա գործադրվող ճնշմամբ, որպեսզի ապահովվի դրա մուտքը ԵԱՏՄ: Բայց Ադրբեջանը Հայաստան չէ, և Ադրբեջանում սեփական շահերը գերադասում են մնացյալ ողջ աշխարհի շահերից: Եվ, ամենայն հավանականությամբ, ճնշումը մեծ ազդեցություն չի ունեցել:

– Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, հայտարարել է. «Սա դժվար խնդիր է։ Բանակցությունների մեր փորձը գալիս է ասելու, որ դրանք արագ չեն ավարտվի»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը: Ըստ էության՝ նա խոսում է խնդրի սառեցման մասի՞ն:

– Ոչ: Լավրովն ուղղակի անկեղծ է: Եթե ճիշտ են կասկածները, և Ադրբեջանը հրաժարվում է մտնել ԵԱՏՄ, ապա խնդիրն, իհարկե, արագ չի կարող լուծվել: Դա ձեռնտու է հակամարտող կողմերի վրա լծակներ ունենալու առումով: Եվ քանի որ Հայաստանը դույզն անգամ չի էլ մտածում նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու և խնդրին արմատական ու արդար և վերջնական լուծում տալու մասին՝ անընդհատ հավաստիացնելով աշխարհի հզորներին, որ ինքը ինչ էլ լինի՝ պատրաստ է նստել և խոսել, հենց այդպես էլ կլինի: Հայաստանը կարող էր թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ոչ միայն անկախություն, այլև հզորություն ձեռք բերել, եթե կաթիլ-կաթիլ արնաքամ լինելու և թշնամու հարձակմանը սպասելու փոխարեն՝ խնդրի կարդինալ լուծման ռազմավարություն ընդուներ: Դա շատ պարզ բանաձև է, և դրան շատերն են դիմել: Բայց Հայաստանն այլ դեպք է: Մեր հայրենիքը ամենահամբերատարն է, ամենազգուշավորը և, իհարկե, ամենաշատ կորցնողը: Խնդրի իրական լուծման ջատագովներն այստեղ ծայրահեղականներ են հռչակվում, իսկ պետության շահերի առումով ճանապարհային քարտեզ առաջարկողները՝ «դիլետանտ արկածախնդիրներ»:

– Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի՝ Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները Պուտինի հետ: Նա մասնավորապես ասել է. «Ղարաբաղյան հակամարտության հարցն ավելի վաղ քննարկել եմ Պուտինի հետ, և նա ինձ ասել է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան անում է այդ խնդրի լուծման համար: Ես ՌԴ նախագահին ևս մեկ անգամ կոչ եմ արել ուշադիր լինել 5 շրջանների վերադարձի հարցին, քանի որ այդ հարցը միայն Ռուսաստանը կարող է լուծել»: Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման այս փուլում որքանո՞վ Էրդողանին կհաջողվի միջամտել խնդրին:

– Ռուսաստանն իհարկե դեմ է այս հարցին Թուրքիայի մասնակցությանը: Նախ՝ որովհետև Թուրքիան միանգամից կարող է կշեռքի նժարը թեքել մեկ այլ կողմ, որը Ռուսաստանի համար կթուլացնի իր ազդեցության լծակները երկու կողմերի վրա էլ: Եվ ապա՝ Մոսկվայում լավ են հասկանում, որ ավելի լավ է Թուրքիայի հետ առևտուր անել, քան նրան ուղղակի միանգամից ինչ-որ մեծ նվերներ անել: Իսկ Երևանում ուշադիր հետևում են, թե այլոք Հայկական հարցի այս փուլին ինչպիսի՞ լուծումներ են տալու: Եթե նախկինում ինչ-որ մեկը ինչ-որ դրական լուծում տվել է, ապա այդ հետևելը կարելի է և արդարացնել: Բայց գոնե ինձ այդպիսի դեպքեր մեր պատմության մեջ հայտնի չեն: Ինչ վերաբերում է Թուրքիայի միջամտությանը խնդրին, ապա Թուրքիան անպայմանորեն, անկասկած միջամտելու է: Բայց դա անելու է պատերազմական փուլում: Եվ այդ հարցում այլևս որևէ դիվանագիտական ռևերանսներ չի անելու: Սա Թուրգութ Օզալի Թուրքիան չէ: Սա շատ ավելի վճռական և էքսպանսիոնիստական Թուրքիա է, որտեղ ազգայնականներն ու իսլամիստները թեև պայքարում են միմյանց դեմ, բայց ազգայնականությունն ու իսլամիզմը միասին՝ որպես մեկ մարմին, նվաճում են թուրքական միտքը: Թեև, եթե ուշադիր լինենք, ապա հիմա արդեն Թուրքիան միջամտում է կոնֆլիկտում: Հայաստանն էլ ավելի է մեկուսացվում, վերջնականապես հայությունից ազատվում է Ջավախքը, իսկ Նախիջևանը վերածվում է ռազմական ֆորպոստի և Երասխի երակը էֆեկտիվ կտրելու և Երևանին սպառնալու հրաշալի պլացդարմի: Մի սխալվեք. Թուրքիան այս կոնֆլիկտում այսօր ամենաակտիվ դերակատարումն ունի:

– Լավրովի այցի և նրա հայտարարությունների արդյունքում արդյոք Դուք փոփոխություն նկատեցի՞ք ՌԴ մոտեցումների մեջ։ Ի վերջո, Լավրովյան պլան ասվածը կա՞ր, թե՞ չկար։

– Ոչ: Փոփոխություններ կան մարտավարության մեջ: Ռազմավարական մոտեցումները նունն են: Ինչպես փաստեցին երկու արտգործնախարարները՝ փաթեթը նույնն է, և հիմնական հարցերում շփման կետեր կան: Բայց կան և բաղկացուցիչների դուրսհանման պահանջներ Ադրբեջանի կողմից: Այլ խոսքով՝ Ադրբեջանը ուզում է ոչինչ չվճարել և ստանալ ամեն ինչ: Եվ փառք Աստծո, որ այդպես է: Ուղղակի սարսափել կարելի է՝ պատկերացնելով, թե ինչ պետք է աներ հայկական կողմը, եթե Ադրբեջանի մոտեցումներն այդքան անզիջում չլինեին: Ստացվում է, որ Հայաստանին կարճաժամկետ հեռանկարում հենց թշնամին է փրկում:

– Որքանո՞վ է խնդիրը փակուղում հայտնվել:

– Խնդիրը փակուղում է վաղուց: Եվ փակուղուց այն կարող է հանել երեք հանգամանք միայն. Ադրբեջանում ներքին քաղաքական և հասարակական լուրջ ցնցումներն ու անկայունությունը, Հայաստանում նույն սցենարը կամ ուղղակի արմատական իշխանափոխությունը, և երրորդը՝ պատերազմը: Իհարկե, եթե բանակցվող Մադրիդյան-Կազանյան փաստաթղթերով որևէ «լուծում» գտնվի, ամենայն հավանականությամբ ցնցումներ կլինեն Ադրբեջանում, անպայմանորեն Հայաստանում, և, իհարկե, պատերազմն ուղղակի օրերի հարց կդառնա: Եվ դա էլ կլինի խնդրի փակուղուց դուրս գալը: Թե ինչպիսի ելքով՝ դա արդեն պատերազմը ցույց կտա: Ամեն պարագայում այդ պատերազմը մոտենում է՝ «գտնված փոխզիջումներով» լուծմամբ, թե առանց դրա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ