Դատավորի գիտությամբ են «խոշտանգե՞լ» «Սասնա ծռեր»-ին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:
Այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի այս պահին ընթացող նիստերի դահլիճում այլևս նիստեր չանցկացվեն, քանի որ այդտեղ հանցագործություն է տեղի ունեցել:
Ալումյանը նշեց, որ խոսքը հունիսին կատարվածի մասին է, երբ, պաշտպանների պնդմամբ, նիստերի դահլիճից դուրս ոստիկանները բռնություն են գործադրել «Սասնա ծռերից» երեքի հանդեպ:
Հայկ Ալումյանի համոզմամբ ` ամբաստանյալներին «խոշտանգել» են դատավոր Արտուշ Գաբրիելյանի գիտությամբ. «Մենք դեռ տվյալներ չունենք, որ նա ինքն է հրաման տվել: Բռնություն կիրառած անձանցից ոստիկան փոխգնդապետ Ղազարյանն էլ ամեն անգամ գալիս է դատարան»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ կատարվածի մասին. «Պետք է հարգել անմեղության կանխավարկածը եւ անուններ չշոշափել: Եթե նախաքննական մարմինը պարզի, որ բռնություններ են եղել, մեղադրանքներ կառաջադրվեն: Դատավորը լիազորված չէ հրահանգելու, որ որեւէ ոստիկան չպետք է ուղեկցի ամբաստանյալներին: Իսկ եթե պարզվի, որ այստեղ բռնություններ են եղել, դա չի կարող պատճառ լինել, որպեսզի այստեղ նիստեր չլինեն»:
Ներկայացված միջնորդությունը մերժվեց:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: