Հանուն ոսկե միջինի. ուսանողներն ու պատգամավորները հանդիպում են (ֆոտո)
Խորհրդարանում մեկնարկել է ուսանողների և պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է 5 ուսանող: Նրանցից բացի ներկա են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆելիքս Ցոնակյանը, Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Գիտության, կրթության հնաձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, և նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս ողջունելով ներկաներին՝ նշեց. «Մենք հանուն ենք պայքարում, հանուն գիտության զարգացման, հանուն անվտանգության, հանուն պաշտպանության»: Ըստ նրա՝ այս հանդիպումը միտում ունի գտնել ոսկե միջինը:
Հիշեցնենք, որ խոսքը զինվորական ծառայության օրենքի մասին է, որն արդեն ամբողջությամբ ընդունվել է, սակայն նախագահը դեռ չի ստորագրել:Ուսանողների հիմնական պահանջն է, որ տարկետման իրավունքը չսահմանափակվի:
Շարմազանովը նաև բոլորի անունից ցավակցություն հայտնեց երեկ զոհված զինծառայողների ընտանիքներին: «Աստված թող մեր Հայաստան աշխարհը պահի խաղաղության մեջ»,-ասաց նա, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինվորների հիշատակը:
Նա նաև հիշատակեց, որ այսօր մեծն հերոս Լեոնիդ Ազգալդյանի տարեդարձն է: