Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի քաղաքների հետ փոխգործակցության խորացմամբ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպում ունեցել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ ստեղծված ջերմ մթնոլորտում Արցախի պատվիրակությունն իրեն զգում է ինչպես հարազատ օջախում:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի ժողովուրդը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, եւ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի, նրա տարբեր վարչական միավորումների, քաղաքների ու համայնքների հետ փոխգործակցության խորացմամբ:
Անդրադառնալով Ֆրանսուա Ռոշբլուանի գործունեությանը՝ Նախագահ Սահակյանն այն բնութագրել է որպես մարդասիրության, անկեղծ բարեկամության, սկզբունքայնության, համամարդկային արժեքներին հավատարմության օրինակելի դրսեւորում՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Ֆրանսիա-Արցախ հարաբերությունների եւ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման ու ընդլայնման գործում: