Օրենքն արդեն ընդունվել է, սպասենք նախագահի դիրքորոշմանը. Կ. Նահապետյան
«Փոփոխությունների հույս միշտ էլ կա, նայած ՝ փոփոխություն ասելով ինչ եք հասկանում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին:
Նա հիշեցրեց, որ զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի, պաշտպանության մասին օրենքներն արդեն ընդունվել են: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև համապատասխան օրինագծի երկրորդ տարբերակի քննարկումը հանդիպում եմ ունեցել նրանց հետ: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպելու, քննարկելու տարբեր հարցեր»,-հավելեց Նահապետյանը:
Հարցին, թե կա պատրաստակամություն կատարել երիտասարդների պահանջը՝ վերականգնել տարկետման իրավունքը, նա պատասխանեց. «Օրենքն արդեն ընդունվել է, կոնկրետ այդ հարցի հետ կապված՝ կա հստակ կարգավորում: Կան որոշակի կարգավորումներ, որ վերաբերում են Կառավարության լիազորություններին, և Կառավարությունը օրենսդրական առանձին նորմերի իրականացման հետ կապված պետք է իրականացնի առանձին որոշումներ: Այդ շրջանակում կարող ենք համակողմանի քննարկում ունենալ, հանդես գալ առաջարկներով, լսել երիտասարդներին:
Այս պահին հանրապետության նախագահի կողմից սա դեռ չի ստորագրվել:
Սպասենք հանրապետության նախագահի դիրքորոշմանը, դրանից հետո կանդրադառնանք այդ հարցին: Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին: ԱԺ-ն երկու ընթերցմամբ քննարկել է նախագիծը և ընդունել է», – հավելեց նա:
Նա նաեւ նշեց, որ ամբողջական տեսքով հարցերին կանդրադառնան այս քննարկումների ժամանակ, երբ ուսանողները հստակ կներկայացնեն իրենց առաջարկները եւ իրենք այդ ժամանակ էլ յուրաքանչյուր առաջարկին կանդրադառնան:
Հիշեցնենք, որ վաղը կեսօրին կայանալու է պատգամավորի և տարկետման սահմանափակմանը դեմ ուսանողների կլոր սեղան քննարկումը: