Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Նոյեմբերի 17-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Խոսելով խորհրդարան մտած օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի և դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, և կազմակերպչական այլ հարցերի:
Այնուհետև Աշոտ Ղուլյանն ամփոփել է նոյեմբերի 10-ին Երևանում կայացած ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները՝ կարևորելով օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունն ու դրանց շուրջ միջհանձնաժողովային աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների իրականացման և այդ ուղղությամբ առաջիկայում սպասվող քայլերի մասին:
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 23-ին նախատեսված «Հեռուստամարաթոն 2018»-ին և համազգային դրամահավաքին՝ Ազգային ժողովի մասնակցությանը: