18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ. Վիգեն Սարգսյան

Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են՝ բոլորիս համար:

Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook կայքի իր էջում՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված ՊՆ ոլորտի երկու օրենքներին։

Նախարարի գրառումը՝ ստորև.

«Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Դրանք առանցքային օրենքներ են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող պաշտպանության ոլորտում խորքային և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար: 

Ինչպես օրինագծերի մշակման փուլում, Պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը բոլոր, ինչպես նախաձեռնությանը սատարած, այդպես էլ՝ իրենց անհամաձայնությունը հայտնած շահառուների հետ` քաղաքական կուսակցություններից և Հանրային խորհրդից մինչև ուսանողական պաշտոնական և ոչ պաշտոնական միավորումներ: 

Այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների և հարյուրավոր անհատների սկզբունքային և հետևողական աշխատանք կառավարությունում, պաշտպանության համակարգում, ակադեմիական հաստատություններում և քաղաքացիական հասարակությունում:

Ի վերջո, պաշտպանության գլխավոր գրավականը մեր համախմբվածությունն է, իսկ նպատակը` մեր ողջ հասարակության բարեկեցությունն ու առաջընթացը:

Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ կամ որևէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ և մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձևերը գտնել:

Պարզ է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը պետք է ի վիճակի լինի ձևավորել իր կողմից առաջարկվող քաղաքականության իրավական հիմքերը, իսկ ընդդիմախոսները պետք է փորձեն հակակշռել օրենսդիր և գործադիր իշխանություն ունեցող այդ ուժին: Սա է ժողովրդավարության պահանջը:

Ցանկացած պարագայում, մեծամասնության պարտավորությունն է ապահովել օրենքի ներդրման և իրագործման փուլում բոլոր քաղաքացիների՝ անկախ այդ քաղաքականության նկատմամբ նրանց վերաբերմունքից, հավասարությունն ու հետագա ներգրավվածությունը քաղաքականության արդյունավետ կիրառման խնդիրներում:

Ուսանողների մի հատվածի ցասումը պարտավորեցնող է ինձ համար՝ որպես պաշտպանության նախարարի՝ նրանց գործով ապացուցելու, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որակապես նոր մակարդակի են բարձրացնելու թե՛ մեր անվտանգության և պաշտպանության խնդիրների լուծումները, թե՛ բանակ-հասարակություն կապը և թե՛, որն իմ և պաշտպանության համակարգի համար ոչ պակաս կարևոր է, գիտության խթանման գործում բանակի շարունակական դերակատարումը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ