09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Կոչ բոլորին՝ պատրաստ ու տրամադրված լինենք մեր գործի մի մասն Արցախում անել

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Օրեր առաջ գործընկերներիս հետ հերթական անգամ Արցախ էինք այցելել` նոր ծրագրերի գաղափարներով, նոր նախաձեռնություններով, որոնք արդեն իսկ սկսել ենք: Արցախի գյուղերում ու քաղաքներում միշտ նույն զգացումն է, որը երևի ամենալավը նախագահ Սերժ Սարգսյանն է նկարագրում իր հայտնի ելույթում. «Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է զինվոր, որ ամիսներ ու տարիներ շարունակ պաշտպանում է խաղաղությունը գերագույն արժեք համարողների, ժողովրդավարությունը կենսակերպ դարձրածների, խոսքի ազատության, մարդու իրավունքների, քրիստոնեության և հանդուրժողականության մեծ տարածքի հարավարևելյան սահմանը։ Արցախն ինքը մեր օրերի հերոսն է»։

Իսկապես հենց այս զգացումն է համակում Արցախի հողին ոտք դրած յուրաքանչյուրին: Բայց առաջնագծի հոգսն ուսերին փոքրիկ Արցախը միշտ չէ, որ ժամանակ ու հնարավորություն կարող է ունենալ հետևելու աշխարհի տեխնոլոգիական վերջին զարգացումներին, արտադրության կամ առևտրի ոլորտների ամենաթարմ նորարարություններին կամ ինչ-որ բան աճեցնելու ու կառուցելու նոր հնարավորություններին: Արևելքից եկող մշտական սպառնալիքը արցախցու ուշադրությունը լրիվ այլ հարցերի վրա է կենտրոնացրել:

Արցախից վերադառնալիս ես ու իմ գործընկերները որոշեցինք կոչով դիմել բոլորին:

Հարգելի գործարարներ, եթե նոր ու արդյունավետ բիզնես եք սկսում, դրա մի փոքր արտադրամասը Արցախում դրեք, եթե նույնիսկ կավելացնեք տրանսպորտային ծախսը: Հարգելի դասախոսներ, եթե ժամանակակից թեմատիկ կուրս եք մշակել, անպայման մեկ-երկու դասախոսություն Ստեփանակերտում կարդացեք: Հարգելի ֆերմերներ, եթե բարձր արտադրողականությամբ սունկ, հատապտուղներ, միրգ կամ ծաղիկներ եք աճեցնում և ունեք իրացման շուկաներ, ձեր բիզնեսի մի փոքր մասն Արցախ տեղափոխեք: Նույնը՝ մնացած բոլոր մասնագիտությունների մասով:

Թող որ ամեն նոր ու արդյունավետ նախաձեռնություն իրականացնող մեր երկրում պատրաստ ու տրամադրված լինի իր գործի մի մասն Արցախում անել: Այդպես մենք առկա բոլոր նորություններն ու նոր հնարավորությունները արագ այնտեղ կհասցնենք: Չէ՞ որ արցախցին օբյեկտիվորեն ամեն ինչին հետևելու ժամանակ չունի, նա զբաղված է` աչալրջորեն հսկելով խաղաղությունը գերագույն արժեք համարողների մեծ տարածքի հարավարևելյան սահմանը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ