Պուտինը սիրաշահո՞ւմ է
ԱԺ անկախ պատգամավոր, ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ՌԴ նախագահի մատնանշած արտոնությունները, որ տրվում են ՀՀ-ին, իրականում արտոնություն չի համարում: ՛՛Ցանկացած պետություն Մաքսային միության մեջ մտնելով բնականաբար միևնույն մաքսային տարածքում ու մաքսային տարիֆներով է գործելու, ուստի չեն կարող գազը ավելի տարիֆավորված վաճառել, քան վաճառվում է ընդհանուր Մաքսային տարածքում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Քոքոբելյանը նշեց, որ գազի գնի հետ կապված Ռուսաստանը փորձում է գայթակղել բոլոր այն երկրներին, որոնք արդեն համաձայնել են կամ ՌԴ-ը ցանկանում է, որ համաձայնեն անդամակցել Մաքսային միությանը: ՛՛Փորձում է գազն օգտագործել գայթակղելու համար, իսկ Հայաստանում պատկերը տարբերվում է, որովհետև խոսք է գնում մեր քսան տոկոսը վաճառելու մասին՛՛,-բացատրեց նա:
Ըստ պատգամավորի՝ 189 դոլարով գազ վաճառելը որպես մեղմացում դիտելը ՛՛Հայռուսգազարդի՛՛ բաժնեմասերը վաճառելու համեմատությամբ, աբսուրդ է: ՛՛Այդ 20 տոկոսը կորցնելով՝ մենք կորցնում ենք թե շահույթի ակնկալիքը, թե ամենակարևորը՝ երբևիցե հնարավորություն չի ունենում հայկական կողմը փաստաթղթերի իսկությունը, ավելորդ ծախսային մասը վերահսկելու, այսինքն՝ միշտ կարող են ուռճացված գներ ներկայացնել՛՛,-շեշտեց նա:
Բացի այդ Քոքոբելյանն ընդգծեց, որ շատ փորձագետներ ևս վստահ են, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո մեզ մոտ տեղի կունենա գնաճ: ՛՛Բոլոր այն ապրանքատեսակները, որոնք արտերկրից՝ ոչ Մաքսային տարածքից, ներմուծվում են կթանկական: Շատ ապրանքատեսակներ ավելի թանկ են, քան ՀՀ-ում են, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, ներքին արտադրության առումով այդքան զարգացած չի, ներմուծման վրա ենք նստած ու մեր քաղաքացիները կտուժեն: Դա ընդունեց նաև Ֆինանսների նախարարը, ով ասաց, որ գնաճ կլինի՛՛:
Ինչ վերաբերում է Վ. Պուտինի հայտարարությանը, թե իրենք Կովկասից չեն հեռանալու, ամրապնդվելու են, ապա պատամավորը նկատեց. ՛՛Հայ-ռուսական հարաբերությունները, երկարուձիգ տարիներ է՝ գործընկերային հարաբերություններից վերածվել են վասալային հարաբերությունների:
Պուտինի հայտարարությունը խոսում է նրա կայսերապաշտական մոտեցումների մասին, նման արտահայտություններով հանդես են գալիս նվաճողները՛՛:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ նախագահը հայտնեց, որ 2014-2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խմ-ը` մոտ 189 ԱՄՆ դոլար սակագնով: Ինչպես նաև Հայաստանը կարող է Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ՌԴ ներքին սակագներով, իսկ նավթի և նավթամթերքների համար Ռուսաստանը կհանի օրենքով նախատեսված արտահանման 30% մաքսատուրքը: