Շիրակի պետական համալսարանի ուսանողները կմիանա՞ն դասադուլավորներին
«Ես ողջունում եմ ուսանողների ակտիվությունը և այն փաստը, որ նրանք փորձում են իրենց կարծիքը արտահայտել», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ուսանողների նախաձեռնած բողոքի ակցիային, որն ուղեկցվում է դասադուլով:
Հիշեցնենք՝ համալսարանական դասադուլավորները պահանջում են չհանել տարկետման իրավունքը:
«Ես այդ բողոքի ակցիայի կազմակերպիչների ելույթները լսել եմ: Նրանք երեք շաբաթ փորձել են պատկան մարմինների հետ հանդիպել, բայց ինչպես ասում են՝ «ձայն բարբառո հանապատի»: Հետևաբար, ուսանողները նախաձեռնեցին այս ակցիան ու դասադուլը: Ես կարծում եմ՝ բանակի հետ կապված՝ կոռուպցիան վերացնելու համար ոչ թե այդ տարկետման տեղերը պիտի վերացնեն, այլ պիտի կոռուպցիան փնտրեն զինկոմիսարիատներում: Օլիգարխների, հարուստների որդիները բանակ չեն գնում՝ կաշառք տալով զինկոմիսարիատների աշխատակիցներին: Ես ողջունում եմ ուսանողների քայլերը, հույս ունեմ՝ հաջողությամբ կպսակվի իրենց նախաձեռնությունը», – նշեց Գագիկ Համբարյանը:
Քանի որ քաղաքագետը դասախոսում է Շիրակի պետական համալսարանում, նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այնտեղի ուսանողները նման ակցիա նախաձեռնում են, կա՞ն նմանատիպ խմորումներ: Քաղաքագետը շեշտեց՝ Շիրակի պետական համալսարանում դեռևս նման խմորումներ չեն նկատվում: Նախաձեռնողներ դեռ չկան:
«Բայց եթե Երևանից այստեղ գան որոշ ուսանողներ, փորձեն ոտքի հանել մեր ուսանողներին, գուցե այլ պատկեր ստացվի, բայց այս պահի դրությամբ՝ դեռ նման երևույթներ չկան այստեղ», – նշեց քաղաքագետը: