Ինչո՞ւ չի փոխվում կրթաթոշակի չափը
Ազգային ժողովում հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն կրթաթոշակների չափը փոխում: «Ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակաները տարիներ շարունակ նույն են»,-ասաց նա: Նաև հետաքրքրվեց, թե մտադիր չեն պետպատվերի սկզբունքը փոխել:
Նախարարն արձագանքեց՝ պետպատվերի տրամաբանությունը պետք է հիմնովին փոխվի, և պետպատվերը կրթաթոշակային հիմնադրամով փոխարինվի: «Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը բուհ-երում, 30% աղքատություն և 7% բուհերի ներգրավվածություն: Հիմա կրթաթոշակային հիմնադրամի կեսը կլինի սոցիալական, և հնարավորություն կլինի ճիշտ քաղաքականություն վարել: Երբ տեղադրվի անվճարի չափը, արդեն կկարողանանք ուղղորդել նաև դիմումատուին դեպի քիմա, կենսաբանություն, որտեղ պետությունը մասնագետի կարիք կունենա»,-ասաց նախարարը և հավելեց, թե հիմնադրամի հատկացման կեսը կլինի սոցիալական, զգալի մասն՝ առաջադիմության համար, նաև նպատակային ուղղորդում կլինի:
Լևոն Մկրտչյանը համաձայնեց, որ այդ հինգ հազար դրամ կրթաթոշակը ոչինչ չի տալիս և կրթաթոշակն իր ծավալներով կենտրոնացնելով այդ հարցերին լուծում կտան: Թե ինչու 2018թ-ի բյուջեով դա արդեն չեն արել, նախարարը բացատրեց, որովհետև սպասում են զինապարտության օրենքը անցնի, տարկետումն առաձնացնեն պետպատվերից և նոր միայն գումարներ հատկացնեն և համակարգ ներդնեն: