Թուրք լրագրող Ամբերին Զամանը Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ լուսանկար է հրապարակել
Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը, ով անմասն չէ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից, «Twitter» -ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain ) հեշթագերը:
Նշենք, որ Զամանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 վայրկյան» նախագծի մասնակիցներից է և նախագծի համար կարդացել է Ցեղասպանությունը վերապրած Սառա Մուրադյանի վկայությունը:
Լրագրողի հրապարակումը թուրքական մամուլում բուռն դժգոհություն է առաջացրել, իսկ թեմային անդրադարձած «Ensonhaber.com» լրատվակայքը շտապել է Զամանին մեղադրել «ահաբեկչական կառույցների խոսնակ» լինելու և հակաթուրքական գործունեություն իրականացնելու մեջ: