… Ու դարերից կարոտած` ձեռքդ տուր, եղբայր ծեծված

Վերջապես տեղի ունեցավ Պուտինի երկար սպասված այցը Հայաստան: Երկար սպասված, որովհետև երկար ժամանակ դեռևս չկար հստակություն՝ այցելելու՞ է, թե ոչ:
Այս ընթացքում տեղի ունեցան բավական բուռն աշխարհաքաղաքական գործընթացներ թե ռեգիոնալ և թե գլոբալ հարթություններում, ուստի այս այցն ուներ նաև աշխարհաքաղաքական հանգրվանային նշանակություն: Ո՞րն է այդ հանգրվանը: Պուտինը լուծեց տակտիկական 3 կարևորագույն քայլ` մոտավորապես ”ձեռք տուր եղբայր ծեծված” պատմական ենթատեքստին զուգահեռելով ժամանակակից Մոսկվայի նկրտումները: Այսպես.
1. Հենց սկզբում Գյումրի այցելելով՝ նա ամրագրեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն առաջնայնությունը տալիս է ռազմական հետաքրքրություններին,
2. Հայաստանը պետք է հասկանա, թե ով է իր անվտանգության երաշխավորը,
3. Ռուսական պատվիրակության ներկայացուցչականությունը, բավական ընդգրկուն կազմն ավելի շատ հայ- ադրբեջանական “ռուսական բալանսային քաղաքականության” ցուցադրություն էր, քան՝ տնտեսական, կոմունիկացիոն, որոշ ասպեկտներով նաև քաղաքական հարաբերությունների որակական խորացման դրսևորում (հիշում ենք Պուտինի Բաքու այցը Հայաստանում բավական քննարկումների առիթ տվեց՝ կապված հսկայական կազմի հետ, որն ընկալվեց որպես Ադրբեջանի բարձր նշանակության ցուցանիշ Ռուսաստանի համար):
Հատկանշական է, որ նմանատիպ այցը հաջորդեց վիլնյուսյան գործընթացին, որով ՌԴ նախագահը ցանկացավ նաև ԵՄ-ին հասկացնել, որ Հայաստնը հանդիսանում է ռուսական անվտանգության սպառող, հետևաբար այն պետք գտնվի հենց ռուսական սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական ազդեցության ոլորտում:
Փաստորեն, ռազմաբազա նախագահի այցով Մոսկվան Արևմուտքին վերջնականապես ցույց տվեց, որ վերջինս Հայաստանում անելիք չունի՝ զուգահեռ, իհարկե, նկատի ունենալով, որ դա վերաբերում է ողջ Անդրկովկասին: Այդ է վկայում Պուտինի այն միտքը, որ “Ռուսաստանն ամրապնդելու է իր դիրքերն Անդկովկասում”:
Դիվանագիտական ձևակերպմամբ, կարելի է ասել, որ սա բավական կոշտ արտահայտություն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վրաստանը մի քանի օր առաջ նախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, Ադրբեջանն էլ վիզաների դյուրացման մասին համաձայնություն ձեռք բերեց: ԵՄ-ին ուղղակիորեն հասկացվեց, որ Ռուսաստանը երբեք չի կորցրել սեփական շահերի իրացման մոտիվացիան այս տարածաշրջանում, ինչն ինքնըստինքյան ենթադրում է այդ տարածքը գլոբալ այլ դերակատարի հետ չկիսելու հաստատակամություն:
Հենց ասվածի օգտին է խոսում նրա մյուս միտքը, որ “իրենք հիմնվելու են նախնիների թողած ժառանգության վրա”, այլ կերպ ասած՝ սրանով Պուտինը վերստին լուսավորեց ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի աշխարհաքաղաքական ռազմավարության կարևորագույն սկզբունքներից մեկը՝ “նախկին ԽՍՀՄ վերականգնում այլ ձևաչափով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա՝ նախկին ԽՍՀՄ տարածքի լիակատար վերահսկում”:
Սակայն մի բան հստակ է, որ Հարավային Կովկասում մրցակցությունը չափազանց ուժեղ է, և այստեղ միայն ռազմական բաղադրիչի ցուցադրումը չի կարող մրցակցային կենսունակություն ապահովել, շատ կարևոր է այս զարգացող երկրներին գայթակղել տնտեսական, կառավարման, արժեհամակարգային գրավչությամբ: