Մտածում են տղա երեխաների հաշվառումը սկսել ծնված օրվանից. Հրապարակ
Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։ Բանն այն է, որ ուսման հիմնով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու տողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է բացել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը եւ այլ երկրի քաղաքացի դառնալը։
Պատահական չէ, որ այս տարի աճ է գրանցվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների մասով։ Այդ աճը, թերեւս, պայմանավորված է հենց այս փոփոխություններով։ Հիշեցնենք, որ իշխանությունները, ի դեմս պաշտպանությսւն նախարար Վիգեն Սարգսյանի, տեւական ժամանակ է՝ շրջանառում են «բոլորը պետք է ծառայեն» գաղափարը։
Եվ որպեսզի տարիներ հետո հայկական բանակի համալրման հարցում փաստի առաջ չկանգնեն, այսօրվանից մտածում են, թե ինչպես այդ գործընթացի դեմն առնեն։ Չի բացառվում, որ վերը նշված օրենքի ընդունումից հետո հաջորդ քայլը լինի արու զավակների կցագրման վկայականների կամ, այսպես ասած՝ հաշվառման ժամկետների փոփոխությունը։ Գործող կարգի համաձայն՝ Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով։ Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումն անձամբ ներկայացնում է Հայաստանում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ։ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը սահմանադրական իրավունք է, եւ ցանկացած ոք կարող է դա իրացնել ու դրական պատասխան ստանալ, եթե պետության հանդեպ չունի պարտավորություն՝ դատարանի որոշման կամ այլ հիմքով։ Եվ քանի որ հիմա բավականին հեշտ է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, ապա կարելի է առանց ավելորդ դժվարությունների հասնել այդ կարգավիճակին։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: