27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե հավատաս, քո խնդրանքով  բնության տարրերն էլ կփոփոխի Աստված. Արցախյան վկայություններ

ՀԱՅՐԻ՛Կ ՋԱՆ, ԱՍՏՎԱԾ ՈՂՈՐՄԱԾ Է, ԱՂՈԹՔ ԱՐԱ՝ ԱՆՁՐԵՒ ԿՏԱ

Պարգեւ Սրբազանը նոր էր նշանակվել Արցախի թեմի Առաջնորդ եւ Մայր Աթոռի մի խումբ ճարտարապետների հետ երկրորդ անգամ էր, որ իր թեմն էր այցելում: Ստեփանակերտից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խնածախ գյուղում Ճարտարապետները ուսումնասիրում էին սուրբ Աստվածածնի Եկեղեցին, որ նախատեսվում էր բացել: Եկեղեցու արեւելյան պատի դիմաց մի սեփական տուն կար, որի պատշգամբում նստած էին մի տարեց այր եւ երկու տարեց կին: Եկեղեցու բակում հոգեւորականների տեսնելով՝ տարեց այրը կանչեց.

-Ա՛ տե՜ր, ա՛ տե՜ր, էս մեր վիճակն ի՞նչ է լինելու: Երա՛շտ է, անձրեւ չկա:
-Հայրի՛կ ջան, Աստված ողորմա՛ծ է, աղո՛թք արա եւ անձրեւ կտա՛: Այսօր չէ՝ վաղը, վաղը չլինի՝ մյուս օր: Միեւնույնն է, անպայման կտա, պատասխանեց Պարգեւ Սրբազանը:

-Է, աղոթք արել ենք, բայց օգուտ չկա, տրտնջաց ծերունին:

-Լավ,պատասխանեց Առաջնորդը, դուք շարունակեցեք աղոթել, մենք էլ կմիանանք ձեզ եւ միաբան մեր աղոթքով անպայման անձրեւ կգա, չկասկածե՛ք: Եվ դառնալով դեպի հայր Միքայելին, ասաց.

– Հայր Միքայել, երաշտ է, մեղք են մարդիկ, եկ հենց այժմ էլ աղոթենք, խնդրենք Աստծուն անձրեւի համար, մինչեւ որ ճարտարապետներն էլ իրենց գործը կավարտեն: 

Եվ 45 րոպե, մինչեւ ճարտարապետների գալը, լռելայն, իրենց սրտերում սկսեցին աղոթել, որ Աստված անձրեւ պարգեւի: Եվ երբ ճարտարապետների հետ նոր էին մեքենայով հասել Ստեփանակերտի Ղարաբաղ հյուրանոցը եւ ճաշարան մտել / Խնածախից մինչեւ այստեղ ութ րոպե հազիվ անցած լիներ/, երբ հայր Միքայելը տեղից բարձրանալով ասաց.

– Պարգեւ Սրբազան, անձրեւն արդեն գալիս է:
Սրբազանը, որ մեջքով դեպի պատուհանն էր նստած, սաստեց հայր Միքայելին, թե՝ տեղդ նստիր եւ լռիր , կարծելով, թե քահանան իրենց աղոթքի վրա կատակ է անում:

Նույն պահին ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը տեղից ելնելով, պատուհանը բաց արեց եւ ասաց.
-Չբարկանաս, Պարգեւ Սրբազան, այնուամենայնիվ, անձրեւն արդեն գալիս է:
Եվ ճշմարիտ որ, երբ Սրբազանը ետ շրջվեց, տեսավ որ երկինքը ահռելի ամպերով է լցվել եւ անձրեւ է թափվում: Զարմանալին այն էր, թե ինչ արագությամբ էր հսկա երկինքն այդքան ահռելի ամպերով լցվել, երբ 7-8 րոպե առաջ ամենեւին ամպի նշույլ իսկ չկար: Այս ամենը ֆիզիկայի օրենքների մեջ չէր տեղավորվում: Մինչեւ երեկո անձրեւն իջավ: Քաղցր ու փափուկ մի անձրեւ էր, օրհնարար անձրեւ, օծյալ անձրեւ: 

Երեկոյան, սակայն, դժվարություն առաջացավ, քանի որ Երեւանից բազմաթիվ երգիչներ էին ժամանել եւ մարզադաշտում համերգ էին տալու: Համերգն սպասարկող կազմը մտավախություն ուներ, թե՝ էլեկտրական գործիքների մեջ անձրեւից կարճ միացում կառաջանա, եւ հոգեւորականներին հարկ եղավ չնախատեսված անձրեւի մասին նրանց բացատրություն տալուց հետո՝ հանգստացնել, քաջալերել նրանց, ասելով, թե օրհնված անձրեւ է եւ դժբախտ պատահարներ չեն լինի: Եվ մոտ 1 ժամ ուշացումով, այնուամենայնիվ, համերգն, առանց պատահարների անձրեւի տակ կայացավ: Ամենայն Փառք մեր երանելի հոգեւորականների աղոթքները լսող եւ մեր կարիքները հոգացող Սուրբ Երրորդությանը: Ամեն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ