Սա ոչ թե քայլ է, այլ կիսաքայլ
Այսօր ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին, որը լրամշակված տեսքով կներկայացվի ԱԺ խորհրդի նիստ և արդեն ԱԺ մեծ օրակարգ:
Անդրադառնալով այս նախագծին՝ այսօր լրագրողների հետ հադիպման ընթացքում իրավաբան Նորայր Նորիկյանը նշեց․ «Իմ կարծիքով 2 կարևոր հանգամանք կա. օրինագծով նոր գաղափար է ներմուծվել, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները չեն կարող անցնել հանրային ծառայության: Սա ողջունելի, սակայն կիսաքայլ է․ ես կհորդորեի, որ այս կամ այն պատճառով զինծառայություն չանցածները հանրային ծառայության չկարողանային անցնել»։
Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին՝ բանախոսը հիշեցրեց՝ ըստ այդ նախագծի՝ դրույթ է սահմանվել, համաձայն որի՝ բուհերի այն ուսանողները, որոնք ցանկանում են ուսման բերումով տարկետում ստանալ, նրանք պարտադիր պայմանագիր են կնքում ՀՀ ՊՆ-ի հետ և ՊՆ-ի կողմից որոշված վայրում անցնում են զինծառայության՝ սպայի կարգավիճակով:
«Իսկ եթե ինչ-ինչ պայմաններով ցանկանում է խզել պայմանագիրը, ապա կոչումազրկվում են և ուղարկվում զինծառայության՝ որպես շարքային»,- ասաց իրավաբանը՝ նշելով, որ այս պարագայում, հնարավոր է, հոգեբանական խնդիրներ ստեղծվեն Զինված ուժերում: