Որոշ առաջարկներ ընդունվեցին, որոշները մերժվեցին
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին, որը լրամշակված տեսքով կներկայացվի ԱԺ խորհրդի նիստ և արդեն ԱԺ մեծ օրակարգ:
Հանձնաժողովի նիստին պատգամավորների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններՙ Պաշտպանության նախարարի հետ համաձայնեցվելով ընդգկվեցին օրենքի նախագծում կամ մերժվեցին:
Ապա հանձնաժողովն սկսեց քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը»:
Հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:
Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները: