Կարող են գողանալ եւ մորթել. եւս 2 հայ նահատակ Հալեպում
“Այսօր Հալեպում նահատակվել են երկու հայ երիտասարդ` Տիգրան Մանուկյանը ու Հակոբ Տեր Ղազարյանը”,-Henaran.am-ի թղթակցին համացանցի միջոցով հայտնեց հալեպահայ Րաֆֆի Հագոպյանը:
Հալեպահայերը սգում են երկու երիտասարդի մահը, նրանց համար հատկապես սոսկալի է այն հանգամանքը, որ չեն կարողանում հայրենիք վերադառնալ:
“Տղաներին թաղում ենք պատերազմող` օտար հողում, սարսափ է: Օրերով հոսանք չենք ունենում, վնասում են ջուր մատակարարող խողովակները: Եթե ուզենանք օդակայան հասնել` կարող են գողանալ, տանել ու մորթել կամ այլ չարչարանքների ենթարկել: Երկու երիտասարդներն էլ մահացել են գնդակոծման հետևանքով ստացած վնասվածքներից”,-նկատեց հալեպահայ Հագոպյանը:
Սիրիայի հայերի հոգեվիճակը ահավոր է. ”Սարսափած ենք, բայց անհույս, արդյոք մենք էլ հայրենիք կհասնենք”:
Հիշեցնենք, երեք տարի շարունակվող Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով միայն ավելի քան 11 հազար երեխա է արդեն մահացել:
Oxford Research Group-ի տվյալներով` երեխաների զգալի մասը պայթյունների հետեւանքով է մահացել, մոտ հազար երեխա մահացել է դիպուկահարի կրակոցից, իսկ 112-ը` սովից:
Henaran.am-ի աղբյուրը վկայեց, որ այսօր Հալեպում ապրում են շուրջ 40 հազար հայեր, մինչ պատերազմը այդ թիվը հասել է 70 հազարի:
Լուսանկարը տրամադրել է` Րաֆֆի Հագոբյանը: