Ինչպե՞ս վստահել Հայաստանի բանկերին. Հայկական Ժամանակ
«Կոնվերս բանկ»-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործով աղմուկը չի դադարում: Հոկտեմբերի 9-ին մասնաճյուղից թալանվեց տարբեր արժույթներով մոտ 95 միլիոն 750 հազար դրամ: Թեեւ ՀՀ ոստիկանությունը սույն գործը համարում է բացահայտված, բայց ո’չ թալանողը կա, ո’չ էլ հափշտակված գողոնը: Անկախ Հայաստանի պատմության մեջ սա հայկական բանկից ամենախոշոր հափշտակությունն է:
Ստորեւ ներկայացնում ենք վերջին տարիների ընթացքում բանկերի կողոպուտի ամենաաղմկահարույց դեպքերից մի քանիսը:
2011 թվականին հարձակում էր տեղի ունեցել «Կոնվերս բանկի» մեկ այլ մասնաճյուղի վրա. հարձակվողը ոստիկան էր, կոչումով կապիտան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 մլն 724 հազ. դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը, սակայն, կանխվել էր բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի ջանքերով:
Նույն թվականին հարձակում էր տեղի ունեցել «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի վրա՝ Իջեւանում. 17-ամյա մի երիտասարդ դանակով զինված ավազակային հարձակում է գործել, սակայն բանկի անվտանգության աշխատակցին հաջողվել է վնասազերծել երիտասարդին: Երիտասարդը մտել էր բանկ, քայլել վարկային բաժնի աշխատակցուհու ուղղությամբ, դանակով սպառնացել նրան եւ պահանջել հաշվապահության ողջ գումարն իրեն տալ: Հանցագործությունը կանխվել էր ոստիկանության աշխատակցի կողմից:
2007 թվականին ՎՏԲ (Հայաստան) բանկի Աբովյան քաղաքի «Կոտայք» մասնաճյուղից անհայտ անձանց կողմից հափշտակվել էր 14 մլն դրամ:
Երկու տարի անց նույն բանկը կրկին հայտնվել է հարձակման թիրախում. 2009 թվականինհարձակում էր տեղի ունեցել ՎՏԲ (Հայաստան) բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկի վրա: Թալանվել էր բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում: Հանցագործները հափշտակել էին մոտ 5 միլիոն դրամ: Հարձակման ժամանակ վնասվածք էր ստացել բանկի աշխատակիցներից մեկը:
ՎՏԲ-Հայաստան բանկի վրա եւս մեկ հարձակում էլ տեղի էր ունեցել 2015 թվականին. այս պատմությունը, սակայն զավեշտալի էր այն առումով, որ հարձակվող անձը ոչ թե մարտական զենքով էր եղել այլ՝ խաղալիքով: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ, 2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ եւ գնացել բանկ:
Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո նկատել է, որ ազատվել է թիվ 4 սպասարկման կետը՝ մոտեցել է և, հանելով խաղալիք ատրճանակը, բանկի աշխատակցից պահանջել է գումար: Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ երբ նկատել են, տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Այս տարի էլ «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղում հափշտակության դեպք է տեղի ունեցել. մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բանկի երիտասարդ աշխատակցուհին, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:
2015 թվականին զինված հարձակում էր տեղի ունեցել «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկի վրա. մարզական գլխարկով տղամարդը մտել էր Կոմիտասում գտնվող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ եւ այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար եւ 1 մլն 300 հազար դրամ: Հարձակումը տեւել էր մի քանի րոպե. հանցագործը հասցրել էր դիմել փախուստի:
Վերը թվարկած վիճակագրությունները, ըստ էության, փաստում են, որ բանկերում անվտանգությունը պետք է բարձրացվի:
Հ.Գ. Ամենամեծ հափշտակությունը հայկական բանկերից տեղի է ունեցել ԽՍՀՄ տարիներին. ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամնախոշոր եւ եզակի դեպքը, որը տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին՝ եղբայրներ Նիկոլայ եւ Ֆելիքս Կալաչյանների կողմից է կազմակերպվել։
Կողոպուտի ժամանակ նրանք գողացել էին շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի (դոլարի այն ժամանակվա փոխարժեքով մոտ երկու միլիոն ամերիկյան դոլար)։ Կալաչյան եղբայրները ձերբակալվելուց հետո դատապարտվել են գնդակահարության: 1977 թվականի օգոստոսի 5-ին Ֆելիքս Կալաչյանը մտել է բնակելի շենք, որը պետբանկի հետ ունեցել է ընդհանուր պատ։
Այսօր ՀՀ կենտրոնական բանկը ամբողջությամբ առանձնացված է մոտակա շինություններից։ Ֆելիքս Կալաչյանը փորձել է քանդել պատի մի հատվածը, սակայն պատը բավականաչափ հաստ է եղել։ Այնուհետ նա բարձրացել է տանիք եւ նկատել, որ պահոցից մի հարկ վերեւ գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պատուհանին չկան ճաղավանդակներ, իսկ լուսամուտը բաց է։
Հետագայում պարզվել է, որ բանկի տնտեսվարը մոռացել է փակել այն։ Սկզբում նա փորձել է այնտեղ շպրտել պարան, սակայն չի ստացվել, եւ Ֆելիքսը, վտանգելով կյանքը, տանիքից թռել է դեպի պատուհանի ներսը։ Այնուհետեւ, հատակին բացելով 34 սանտիմետրանոց անցք՝ անձրևեւանոցի օգնությամբ ներթափանցել է այնտեղ՝ հանելով փողով լի երկու պարկ։ Հետագայում, փորձաքննության ժամանակ, Ֆելիքսը չի կարողացել կրկնել կողոպուտի սցենարը։ Եղբայրները ձերբակալվել են հաշփտակված գումարները փոխանակելու ժամանակ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: