«Քավության նոխազ դարձավ»
«Հնչակյան կուսակցության» քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Փարոս» ընտանեկան նպաստի ծրագրին` ասաց` այս ծրագիրն իրականում
կարիքավորների շատ քիչ հատվածին է բաժին հասնում:
«Այս ծրագրում շատ ենք հանդիպում կոռուպցիոն ռիսկերի և նույն փարոսից օգտվում են սոցիալական անապահովությունից հեռու գտնվող ընտանիքները: Ռիսկերն այնքան անթաքույց են, որ ծիծաղելի է նույնիսկ»,-ասաց Արմեն Մկրտչյանը:
Ըստ բանախոսի` որպեսզի «Փարոս» ծրագիրը օբյեկտիվորեն աշխատի, այս ծրագրի մեջ պետք է գործուն դերկատարում ունենա հանրային աջակցությունը, պետք է լինեն հանրային լսումներ:
Անդրադառնալով Վազգեն Խաչիկյանին, նրա ազատազրկմանն ու ազատ արձակմանը բանախոսը շեշտեց
` Վազգեն Խաչիկյանը կոռուպցիոն բուրգի մեջ քավության նոխազ դարձավ:
«Նա մի քանի տարի զրկած է եղել ազատությունից, գուցե հասկացել է հանցանքները: Վազգեն Խաչիկյանը հավաքական կերպար էր, ինքը պետք էր, որ ցույց տար, թե մենք պատժում էլ ենք, և դա ուղղված էր ներքին լսարանին: Թյուր կարծիք կա, թե նրան ազատությունից զրկելը հասարակության հույզերը հանգստացնելու համար է, այդ որոշումը կայացվել է փակ սենյակներում` ներքին թիմակիցներին ցույց տալու և աչք վախեցնելու համար»,-ասաց Արմեն Մկրտչյանը: