24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հաղթանակը. գլխավոր հարցը դեռ կախված է. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

-Պարոն Կիրակոսյան, ընդհանուր ի՞նչ եզրակացություն եք արել Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կազմակերպված  գագաթնաժողովից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև և դրանից հետո արված հայտարարություններից: Ո՞րն էր հանդիպում կազմակերպելու համանախագահների գլխավոր նպատակը և ինչի՞ մասին էին իրականում այս բանակցությունները:

– Նախ և առաջ, Ժնևի հանդիպումից մեծ ակնկալիքներ չկային, բայց կարելի է անել երկու դիտարկում: Առաջինը՝ գրեթե մեկուկես տարվա ընթացքում նախագահների հանդիպման բացակայության պայմաններում և հակամարտության շատ լուրջ սրացումներից ու Ադրբեջանի հարձակումներից հետո իրադրությունը վերջին երկու ամիսներին բավական անսովոր էր ու խաղաղ շփման գծում՝ որպես նախապատրաստություն այս հանդիպմանը: Հետևաբար փաստը, որ նախագահները հանդիպեցին, ինքնին ձեռքբերում է և կարևոր է: Այնուամենայնիվ, սա նաև ցույց է տալիս, թե որքան ցածր են սպասումները բանակցություններից, որովհետև հաջողություն ենք համարում նույնիսկ հանդիպման փաստը:

Երկրորդ դիտարկումն այն է, որ կան որոշ լավատեսական հույսեր, որ Ժնևի հանդիպումը կդառնա սկիզբը մի նոր գործընթացի, որի ընթացքում արտգործնախարարները կշարունակեն աշխատել՝ այս հանդիպման հիման վրա ինչ-որ բան կառուցելու նպատակով: Սակայն մենք արդեն իսկ հասցրել ենք հիասթափվել նախորդ գործընթացներից, որովհետև Վիեննայում կայացած նմանատիպ հանդիպումն այդպես էլ արդյունք չտվեց, և Ադրբեջանը չկատարեց 2016 թ. ապրիլյան կռիվներից հետո տված իր խոստումները: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը, համաձայնելու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայմանը և թույլ տալու ԵԱՀԿ դիտորդներին ընդլայնել իրենց առաքելությունը: Ուստի իրական քննությունը հենց սա է, թե արդյո՞ք Ադրբեջանը կարդարացնի սպասելիքները, թե՞ ոչ: Բայց ընդհանուր առմամբ Ժնևի հանդիպումը տալիս է որոշ հույսեր:

– Ուշագրավ էր այն հանգամանքը, որ նախքան հանդիպումը, երբ համանախագահները հայտարարեցին, թե երկու երկրների նախագահներն էլ պատրաստակամություն են հայտնել վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով, Ադրբեջանի նախագահը դա ներկայացրեց որպես հայկական կողմի նահանջը իր սկզբունքային դիրքորոշումից:

– Այն փաստը, որ Հայաստանի դիվանագետները շատ չէին խոսում բանակցությունների մասին և բացատրություններ շատ չէին տալիս, իրականում ուղերձ էր միջազգային հանրությանը և միջնորդներին: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ուղղված էին երկրի ներքին լսարանին, ուստի զարմանալի բան չկա, բայց սա կրկին շատ հիասթափեցնող փաստ է, որովհետև ցույց է տալիս, թե որքան խոր են Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնությունները դիվանագիտական առումով, և որ Հայաստանը չունի խաղաղության գործընկեր այս փուլում, և այս հանգամանքը քայքայում է Ադրբեջանի հանձնառությունը դիվանագիտական գործընթացին: Միաժամանակ արժի նկատել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանավոր «փոխհրաձգությունը» ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում, բարեբախտաբար, պատճառ չդարձավ հանդիպման խափանման:

Ժնևի հանդիպման առնչությամբ հետաքրքիր է նաև նոր համատեքստը՝ ժամանակի ընտրության, դիվանագիտական օրացույցի և իրադարձությունների միաժամանակության առումով: Հաշվի առնելով այն փաստը, որ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ է նշանակվել, իսկ Ֆրանսիայի համանախագահը կրկին ոչ վաղ անցյալում է նշանակվել, կարելի է ասել, որ փաստացի Ռուսաստանի համանախագահը ավագի կարգավիճակ ունի, և սրա շնորհիվ Ռուսաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը Մինսկի խմբում և հանդես գալ նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:

– Նախքան հանդիպումը գոնե մեզ համար պարզ չէր, թե կողմերը քննարկելո՞ւ են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը, թե՞ անցնելու են հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի քննարկմանը: Հանդիպումից հետո որևէ հստակություն առաջացե՞լ է:

– Ցավոք սրտի, ես էլ, ինչպես և դուք, չունեմ տեղեկություն: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ տեղեկությունների պակասն առաջացնում է ապատեղեկատվություն և թյուրըմբռնում: Նույնիսկ հայտարարություններն ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան պատասխաններ:

-Ունենք երկու հիմնական աղբյուր՝ համանախագահների և արտգործնախարարների համատեղ հայտարարությունը և Հայաստանի նախագահի շատ հետաքրքիր  մեկնաբանությունը բանակցություններից անմիջապես հետո: Նա ասաց, որ «չունենք, այսպես ասած, պայմանավորվածություն խնդրի լուծման տարբերակների մասին, բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»:

– Սա կարող է լինել դրական քայլ դեպի առաջ՝ չնայած այն հավանականությանը, որ Ադրբեջանին այլևս պատասխանատվության չեն կանչի՝ նախկինում իր տված խոստումները կատարելու համար: Սա կարող է նշանակել ճկունության ավելի բարձր աստիճան: Հնարավոր է՝ Հայաստանի նախագահին հետաքրքրում է զուտ արդյունքը, որ նվազի լարվածության աստիճանը հակամարտության գոտում և քիչ լինեն հարձակումները Ադրբեջանի կողմից, իսկ թե ինչպես կհասնենք այդ արդյունքին, կախված է բանակցություններից: Սա կարող է լինել սցենարներից մեկը:

Հնարավոր մյուս տարբերակն այն է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է փոխվել: Ժնևի հանդիպումից մոտ մեկուկես ամիս առաջ ակնհայտ դարձավ, որ լարվածությունը շփման գծում էապես թուլացել է, և մենք հույս ունենք, որ իրադրությունը կարող է փոխվել, և ավելի քիչ հարձակումներ կլինեն Ադրբեջանի կողմից ու ավելի քիչ զոհեր կլինեն երկու կողմերից էլ: Բայց պետք է սպասենք ու տեսնենք:

– Բայց տարօրինակ չէ՞ այն հայտարարությունը, թե Ադրբեջանը «խորապես շահագրգռված է» թուլացնելու լարվածությունը շփման գծում:

– Ոչ: Բացատրեմ, թե ինչու: Ադրբեջանցիներն ավելի ինքնավստահ ու անվտանգ են զգում 2016 թ. ապրիլից հետո, երբ կարողացան գրավել որոշ տարածքներ և պահպանել իրենց հսկողության տակ: Երկրորդը, նրանք ավելի ուժեղ են իրենց զգում, որովհետև իրենք են հարձակվողը: Այս իմաստով տվյալ հանգամանքը հոգեբանորեն կարող է գործոն լինել Ադրբեջանի դիվանագիտական վարքագծի մեջ:

– Բայց ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանը շարունակում էր ռազմական ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի հրաժարվենք բոլոր պահանջներից և վերսկսենք «առարկայական բանակցությունները» զրոյից: Հիմա ադրբեջանական կողմը գրեթե չի իրականացնում ռազմական լուրջ սադրանքներ սահմանին և չի փորձում սրել իրավիճակը:

– Կրկին պիտի նկատեմ, որ սրանք ընդամենը ենթադրություններ ու դատողություններ են, բայց հնարավոր է, որ նրանք ռազմական գործողություններ էին իրականացնում՝ Ադրբեջանի դիվանագիտական դիրքերն ամրապնդելու նպատակով: Հիմա, երբ դիվանագիտական գործընթացը վերականգնվել է, ռազմական ճնշում գործադրելու կարիք այլևս չկա:

– Իսկ Ադրբեջանի նման վարքագիծը կարո՞ղ է լինել նաև միջազգային ճնշման հետևանքը վերջին ամիսներին՝ հատկապես այն բանից հետո, երբ բացահայտվեց «Ադրբեջանի լվացքատունը»՝ փողերի լվացման կոռուպցիոն սխեման Եվրոպայում: Գուցե այս իմաստով Հայաստանն այժմ ավելի լավ դիրքերում է, քան Ադրբեջանը:

– Այո, սա այն իրողության արտացոլումն է, որ կոռուպցիոն սկանդալների հետևանքով Ադրբեջանի միջազգային դիրքերը թույլ են, քան երբևէ, և ադրբեջանցիները սկսում են կորցնել իրենց հաճախորդներին. եվրոպացի այն գործիչներն ու պաշտոնյաները, որոնց Ադրբեջանն այդքան հեշտությամբ գնում էր, այժմ կորցնում են իրենց ազդեցությունը: Ադրբեջանին նույնիսկ ստիպում են դուրս գալ Եվրոպայի խորհրդից: Այսպիսով, միջազգային ճնշումն Ադրբեջանի հանդեպ մեծանում է, իսկ Ադրբեջանը դիվանագիտական նահանջ է ապրում միջազգային ասպարեզում, և սա, անշուշտ, ուղղակիորեն ազդում է բանակցային գործընթացի վրա:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն այսօր ավելի շատ է կենտրոնացած Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու հարցի վրա և ավելի քիչ է մտածում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու ռիսկային քայլի մասին:

– Ամեն դեպքում Ժնևի հանդիպումը բավական տարօրինակ տպավորություն էր գործում՝ դրական մթնոլորտ, լուսանկարներ, ուրախ տրամադրություն…

– Ինչ-որ առումով սա Վիեննայում մի քանի տարի առաջ կայացած նմանատիպ դրական հանդիպման կրկնությունն էր: Այդ լուսանկարում պատկերված էր, թե ինչպես են նախագահները առանձնազրույցի ընդմիջմանը դուրս եկել սենյակից և զրուցում էին բացօթյա տարածքում: Բայց ինձ համար ավելի կարևոր էր ոչ թե լուսանկարում պատկերվածը, այլ որոշումը՝ հրապարակելու նման լուսանկար:

– Միտքս այն է, որ հանդիպման այս պատկերից տպավորություն էր ստեղծվում, թե ինչ-որ մի բան փոխվել է բանակցային գործընթացի ներսում, և գուցե հակամարտության կարգավորման գործընթացը թևակոխում է մի նոր փուլ:

– Այո, և սա առաջացնում է նոր հնարավորություններ, թեև մյուս կողմից առաջացնում է նաև որոշ մտահոգություններ, որովհետև մենք չգիտենք՝ ինչ է իրականում քննարկվել բանակցությունների ընթացքում: Սակայն ակնհայտ է, որ առնվազն կողմերը փորձում են ներկայացնել այս հանդիպումը որպես շրջադարձային զարգացում:

– Իսկ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս նոր փուլում:

– Ենթադրում եմ, որ սա Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ընթացքում ունեցած ելույթի շարունակություն է, որում նա բավական խիզախորեն պաշտպանեց Հայաստանի կառավարության՝ գնալով ավելի ոչ ժողովրդական դարձող մոտեցումը՝ հիմնախնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու կամ ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները վերադարձնելու մասին: Սա փոխզիջումների քաղաքականությունն է, որը լուրջ դժգոհություն է առաջացնում Հայաստանում: Եվ Ժնևի հանդիպումը, կարծես, միայն հաստատում է այս քաղաքականությունը:

– Թեև պիտի նկատենք, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ առանձնացրել էին Նալբանդյանի ասածը՝ տարածքներ վերադարձնելու մասին ընդհանուր համատեքստից, մինչդեռ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել էր հիմնախնդրի կարգավորման բոլոր տարրերը, ոչ միայն տարածքային զիջումների կետը:

– Այո, նա խոսեց բոլոր տարրերի, ոչ թե միայն տարածքներ վերադարձնելու մասին, թեև կարծում եմ, որ պետք է արժանին մատուցել արտգործնախարարին, որովհետև նա բավական համարձակ գործեց և ընդգծված կերպով պաշտպանեց կառավարության դիրքորոշումը: Եվ հետաքրքիր է, որ այս ելույթի հեղինակը ոչ թե նախագահն էր, այլ արտգործնախարարը: Կարևոր է նաև այն, թե որտեղ և երբ է եղել այս ելույթը՝ Սփյուռքի համաժողովի ժամանակ:

– Բայց համաձայն չեք, որ արտգործնախարարների նյույորքյան հանդիպումից և ՄԱԿ-ում նախագահների ելույթից ընդամենը մի քանի օր առաջ նման հայտարարություն անելը ոչ միայն ակամայից ակտիվացնում էր քննարկումները հիմնախնդրի կարգվորման մասին, ի հակադրություն Վիեննայի օրակարգին, այլև ստիպում էր ենթադրել, որ գուցե կողմերը մոտեցել են հիմնախնդրի հանգուցալուծմանը, թեև Ժնևի հանդիպումից հետո կոնկրետ «պայմանավորվածություն» կամ արդյունք չտեսանք:

– Դուք երկու դեպքում էլ ճիշտ եք: Առաջինը, կողմերը կարող են շատ ավելի մոտ լինել հիմնախնդրի լուծմանը, քան մենք կարծում ենք: Երկրորդը, տեղեկությունների պակասը բանակցությունների մասին շատ վտանգավոր է այն առումով, որ շատ քիչ աշխատանք է կատարվել՝ հանրությանը փոխզիջումներին նախապատրաստելու համար: Երրորդ հանգամանքը՝ ռիսկային է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն ներգրավված չէ բանակցային գործընթացին:

– Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է Ժնևի հանդիպմանը և հիշեցրել Վիեննայի համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին:

– Եվ բացի այդ, վերջերս ԼՂՀ-ի արտգործնախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը, որը շատ պրոֆեսիոնալ է: Բայց իր նշանակումը կարևոր է նաև այն իմաստով, որ Արցախը սկսի վերահաստատել իր տեղը դիվանագիտական գործընթացում:

-Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ ավելի լայն համատեքստում ժնևյան հանդիպումն ինչ-որ իմաստով արտացոլում է ներկայիս բավական անորոշ միջազգային իրադրությունը, խմորումները Ռուսաստանի և Արևմուտքի միջև և տարածաշրջանային անկայուն վիճակը, որովհետև չտեսանք որևէ կոնկրետ հղում ո՛չ Մադրիդյան սկզբունքներին, որոնք ընդունվել են ուղիղ 10 տարի առաջ միջազգային այլ իրադրության պայմաններում, ո՛չ Վիեննայի համաձայնություններին: Այս տեսանկյունից՝ հնարավո՞ր է, որ կողմերը փորձում են սկսել բանակցությունները «մաքուր էջից»:

– Այո, և դա էր հենց ներկայացված ուղերձը, որ բանակցությունները վերսկսվում են «մաքուր էջից»: Սա ճիշտ է, թե ոչ, քննարկման այլ թեմա է, բայց թվում է, որ սա է ծրագիրը, նպատակը, քաղաքականությունը:

Միաժամանակ, անորոշություն իսկապես կա՝ մասնավորապես Վաշինգտոնում՝ Թրամփի վարչակազմի ներսում և նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարությունում` հաշվի առնելով այն նախանշանները, որ Միացյալ Նահանգներն առաջվա պես հանձնառու չէ Մինսկի խմբի գործընթացին: Ֆրասնիայում նախագահ է ընտրվել շատ հաստատակամ ու վճռական գործիչ, ինչի հետևանքով Ֆրանսիայի համանախագահը Մինսկի խմբում կարող է ավելի մեծ դեր խաղալ: Այս ամենը կարող է լավ հնարավորություն լինել Ռուսաստանի նախագահ Պուտինի համար՝ շարունակելու դիվանագիտական դիվիդենտներ ստանալ այն փաստից, որ ի տարբերություն բոլոր այլ միջազգային հիմնախնդիրների՝ Ռուսաստանը Մինսկի խմբում շարունակում է աշխատել Արևմուտքի հետ, ոչ թե Արևմուտքի դեմ:

– Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը, թե Ադրբեջանը ևս շահագրգռված է թուլացնելու լարվածությունը, որքան էլ քննադատության տեղ ուներ, մյուս կողմից էլ, կարծես, բավական խելացի դիվանագիտական քայլ էր, որովհետև հետո ադրբեջանցի պաշտոնյաները դժգոհություն հայտնեցին այդ հայտարարության կապակցությամբ: Չունե՞ք արդյոք նման տպավորություն:

– Համաձայն եմ դիտարկման հետ: Ինչպես միշտ՝ նախագահ Սարգսյանը շարունակում է շախմատ խաղալ, և շատ առումներով սա իմաստուն քայլ էր:

– Ժնևի հանդիպումն ունի՞ ներքաղաքական ենթատեքստեր այն իմաստով, որ դրա արդյունքներն, օրինակ, կարող են նպաստել Սերժ Սարգսյանի հեղինակության բարձրացմանը 2018 թ. ապրիլին ընդառաջ, որովհետև հակամարտության գոտում լարվածության նվազեցման և իրավիճակի կայունացման դեպքում նա կկարողանա ցույց տալ, որ ավելի ուժեղ դիրքերում է Ղարաբաղի հարցում:

– Լավ հարց է: Մի կողմից, եթե նայենք ներքաղաքական ազդեցություններին, ապա անկախ այն հանգամանքից՝ Սարգսյանը ծրագրել է դա, թե ոչ, ամեն դեպքում դրական արդյունքները ղարաբաղյան հարցում կամրապնդեն իր միջազգային դիրքերը: Բայց ես մի ուրիշ հարց ունեմ: Իմ հարցն ու մտահոգությունն այն է, որ ով էլ 2018 թ. ապրիլին դառնա Հայաստանի վարչապետ՝ որպես պետության նոր ղեկավար, դրանից հետո իր վրա է վերցնելու պատասխանատվությունը բանակցությունների համար: Սա ևս մի գործոն է, որը մեծ հարցականի տակ է դնում Սարգսյանի կամ մեկ ուրիշի՝ վարչապետ դառնալը այն իմաստով, թե ո՞վ կստանձնի կամ կշարունակի խաղաղության գործընթացը:

– Բայց Դուք կարծում եք, որ միջազգային գործընկերներն աջակցո՞ւմ են Սերժ Սարգսյանին այս հարցում:

– Այո՝ երկու պատճառով: Մեկն այն է, որ Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ են, որովհետև Ադրբեջանի դիրքերն են թույլ: Երկրորդը, հայկական դիվանագիտության տակտիկական հաղթանակը Ժնևում, ինչպես դուք նկատեցիք, միայն ավելացնում է այդ տարբերությունը և բարելավում է Հայաստանի և հետևաբար նաև Արցախի դիրքերը:

– Ի՞նչ զարգացումներ պիտի սպասենք այս իրադարձություններից հետո առաջնագծում:

– Կանխատեսումը մասամբ կախված է հետևյալ գործոններից՝ տեղանք, տեղագրություն և եղանակ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակման վտանգը հիմա շատ ավելի փոքր է, քանի որ մոտենում է ձմեռը, և լուրջ ռազմական բախումների սպառնալիքը հետաձգվում է մինչև մարտ կամ ապրիլ, ինչն ավելի մեծ տարածություն և ժամանակ կտա դիվանագիտության համար: Եվ եկեք հույս ունենանք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն և կհանդիպեն որքան հնարավոր է շուտ, և կշարունակեն աշխատել ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:

Այսքանով հանդերձ, մեր այս վերլուծության եզրահանգման կամ կանխատեսման գլխավոր հարցն իրականում կախված է ներքին քաղաքականությունից՝ այս անգամ ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում, թե ի՞նչ տեղի կունենա ապրիլին, և ո՞վ կդառնա պետության հաջորդ ղեկավարը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ