«Եթե կիրառվում է տեսակցության արգելք, ուրեմն կալանավորին պիտի նետենք տարտարոսը»
Խորհրդարանի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից առաջարկված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եւ ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետեւ օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որեւէ արգելքի մուտքի եւ ելքի իրավունքով, քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը եւ մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական եւ ոչ իրավաչափ խոչընդոտների։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը եւ արձանագրել, որ վերոնշյալ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել։ «Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող բացվել»,-ասաց նա, ապա պատասխանելով հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հարցադրումներին՝ հավելեց.
«Մենք գնում ենք, կանգնում ՔԿՀ-ի խցի մոտ, չենք կարող տեսնվել, քանի որ կալանավորի հետ տեսակցությունն արգելված է»: Հրայր Թովմասյանը հարցրեց, թե արդյո տեսակցությունն ու հանդիպումը պատգամավորը տարբերակում է: Ըստ նրա՝ Հրաչյա Աճառյանի բառարանով էլ է ասվում՝ տեսակցությունն իր մեջ հանդիպումը չի ներառում: «Եթե կիրառվում է տեսակցության արգելք, ուրեմն կալանավորին պիտի նետենք տարտարոսը, որպեսզի ոչ ոք չտեսակցի նրան: Հսկիչը, պետը հանդիպում են նրան՝ իրենց աշխատանքի անհրաժեշտությունից ելնելով, հիմա պատգամավորներն էլ այդ նույն նպատակով կարող են հանդիպել, ինչպես նախագահը, վարչապետը»:
Փաշինյանը հավելեց, որ այս խնդիրը հիմնականում եղել է քաղաքական հարցերով կալանավորած անձանց տեսակցելու դեպքում: