26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքվի հույսերը Պուտինը հօդս կցնդեցնի. Ժամանակ

Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհարկե, շատ լավ ազդանշան է: Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրամադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դիմել ռազմական ուժի կիրառմանը և փորձել փոխել ստատուս քվոն շփման գծում ռազմական ճանապարհով :

Նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին և մեկնաբանելով մասնավորապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  խոսքերը  բանակցությունների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը բանակցություններից անմիջապես հետո Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով, որ կողմերը բանակցությունների ընթացքում որևէ պայմանավորվածության չեն հասել հիմնախնդրի տարբերակների մասին, բայց պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր:

«Պետք է ասեմ՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»,- ավելացրել էր Հայաստանի նախագահը:

Այս հայտարարությունը փոքր-ինչ տարօրինակ չի՞ հնչում: Չէ՞ որ սա նույն Ադրբեջանն է, որը սանձազերծեց 2016 թ. ապրիլյան ագրեսիան, և որի քաղաքականության ու ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը մշտապես եղել է ռազմական ուժի և սպառնալիքի կիրառումը, լարվածության աճ հրահրելն ու սադրանքներ կազմակերպելը հակամարտող զորքերի շփման գծում: Ի՞նչն է պատճառը, որ այժմ Ադրբեջանը «շահագրգռված է թուլացնելու լարվածությունը»:

Անդրադառնալով հարցին՝ Կոնստանտին Զատուլինը շեշտում է, որ ամբողջ հարցը վստահությունն է, թե որքանով ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա իր խոստմանը: Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի պահվածքը Ժնևում և նաև համեմատաբար խաղաղ վիճակը վերջին ամիսներին շփման գծում ցույց են տալիս, որ Ադրբեջանը աջակցություն չի զգում իր ռազմական նախաձեռնություններում:

«Նշանակում է՝ Ադրբեջանը չի ստանում աջակցություն այն հարցում, որ փորձի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Այս իմաստով Ադրբեջանի նախագահի դիմումը ԱՄՆ նախագահին, կարծում եմ, ևս արդյունք չտվեց, որովհետև Միացյալ Նահանգները ցանկություն չունի Ղարաբաղյան հարցում հանդես գալ Ադրբեջանի կողմից»,- նշեց Զատուլինը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մյուսին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Պետդումայի ԱՊՀ-ի ու եվրասիական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը համոզված է, որ Ռուսաստանը գործարքի չի գնա Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական շահերի հաշվին: Այս համատեքստում քաղաքագետը մեկնաբանեց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցումը կախված է Հայաստանի որոշումից:

Հարցի առնչությամբ Զատուլինը նշեց հետևյալը. «Խոսակցությունները Եվրասիական միությանը Ադրբեջանի միանալու հնարավորության մասին վաղուց կան, և իսկապես, Ադրբեջանը չի ուզում այդ որոշումը կայացնել՝ առանց նրա, որ իրեն ընդառաջ չգնան Ղարաբաղյան հարցում, բայց քանի որ Ղարաբաղյան հարցը շոշափում է Եվրասիական միության գործող անդամ Հայաստանի շահերը, ապա, բնականաբար, նմանատիպ գործարք չի կայանա:

Այս տեսանկյունից Ղարաբաղի հարցն իրականում զսպող գործոն է Ադրբեջանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու հարցում: Ադրբեջանը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանում, և հույս ունի, որ Ռուսաստանը, շահագրգռված լինելով Ադրբեջանի անդամակցությամբ, ճնշում կգործադրի կամ կազդի Հայաստանի վրա: Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված լինելով Եվրասիական միության ընդլայնմամբ, հնարավոր չի համարում Ղարաբաղյան հարցում Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելը՝ հասկանալով, թե որքան կարևոր հարց է դա Հայաստանի համար: Ռուսաստանը հանդես է գալիս այս հիմնախնդրի կարգավորման օգտին, բայց չի պարտադրի Հայաստանին ինչ-որ սպեկուլյանտական պայմաններ, որոնք առաջադրում է Ադրբեջանը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ