«Հատուկ ոստիկաններ պիտի զբաղվեն բռնության ենթարկվածների հետ»
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում ընթացող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե արդյոք օրենքում անմեղության կանխավարկածի նկատմամբ ոտնձգություններ չկան և ինչ է նշանակում «ենթադրաբար բռնություն գործադրած անձ»։ «Որքանո՞վ է նման անձը պաշտպանված զերծ մնալ սադրանքից»: Փոխնախարարն ընդգծեց, որ «ենթադրաբար բռնություն գործադրած անձ» սահմանումը պայմանավորված է անմեղության կանխավարկածի պաշտպանությամբ։ «Հակառակ դեպքում կստացվեր, որ նախնական իրավիճակի նույնականացման ընթացքում մենք այդ մարդուն արդեն իսկ ընտանեկան բռնություն գործադրող պիտի ճանաչենք, այն դեպքում երբ դատական որոշումը բացակայում է։ Դրանից խուսափելու համար համապատասխան անձին, մենք ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք համարում՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պաշտպանելով», – նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ ենթադրաբար մեղադրվող անձը կարող է բողոքարկել որոշումը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչու խորհուրդը, որը պետք է ստեղծվի, կից է լինելու վարչապետին , այլ ոչ ԱԺ-ին։ «Այստեղ շահերի բախում եմ տեսնում»։ Վիգեն Քոչարյանն էլ արձագանքեց, որ ԱԺ գործառույթները Սահմանադրությամբ են ամրագրված, և դա գործադիր իշխանության գործառույթն է։ «Այդ խորհուրդը գործադիր իշխանության ղեկավարին կից է ձևավորվել, բայց բովանդակային առումով վերազդելու հնարավորություն գոյություն չունի, քանի որ այն աշխատելու է իր առանձին աշխատակարգով, իր օրակարգը ինքն է որոշելու և ազատ է լինելու այս ոլորտին վերաբերող ռազմավարություն ծրագրեր առաջարկությունների տեսքով գործադիրի ղեկավարին ներկայացնելու հարցում», – նշեց նա։ Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց առ այն, որ ոստիկանությունը չի կարողանա պատճաշ միջամտություն ցուցաբերել և առաջարկեց մասնագիտացվածշ ոստիկանական մարմին ստեղծել, փոխնախարարն էլ նկատեց, որ օրենքը նախատեսում է մասնագիտացված ստորաբաժանումներ ունենալու հարցը։ «Հատուկ ոստիկաններ պիտի զբաղվեն բռնության ենթարկվածների հետ»,-ասաց պատգամավորը: